Կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել բյուջեի նախագծում. Թանդիլյան
«Այս խորհրդարանն առաջին անգամ է քննարկում բյուջեի նախագիծ և հետհեղափոխական խորհրդարանի դերը պետք է շատ բարձր լինի բյուջեի փաստաթղթի իրական արտացոլանքի հետ կապված, թե ինչքանով է այն արտացոլում կառավարության կողմից ներկայացված և ԱԺ կողմից հաստատված ծրագիրը»,- ԱԺ նիստում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Պատգամավորի գնահատմամբ` կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել բյուջեի նախագծում։
«Խոսքը վերաբերում է, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացմանը, դուք չեք գտնի բյուջեի նախագծում ոչ մի տող, որ մենք ուզում ենք արևային և քամու էներգիան օգտագործել որպես վերափոխում մեր էներգետիկ համակարգի կառուցման և ապահովության»,- շեշտեց Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ նախագծում նաև հուսադրող չէ տուրիզմի զարգացման ծրագրերը. «Կառավարության ծրագրում խոսում ենք էկոտուրիզմի, էթնոտուրիզմի, էքստրիմ տուրիզմի, գաստրոտուրիզմի մասին, սակայն բյուջեի նախագծում որևէ տող ու ծրագիր գոյություն չունի։ Որևէ տող չեք գտնի նաև գյուղատնտեսության ապահովագրության մասով իրականացվող սուբսիդավորման հետ կապված, թե որքանով է այն արտացոլում գյուղատնտեսության աճը որպես տեխնոլոգիական հենքի վրա աճող ոլորտ»։
Թանդիլյանն անդրադարձավ նաև 2020 թվականի հոկտեմբերի 10-ին 10 մլն ծառ տնկելու մասին հայտարարությանը՝ նշելով, որևէ տող դրա մասին չկա. «Պարզվում է, որ այդ հայտարարությունը վարչապետի մակարդակով ուղղակի միտված է եղել մեր հանրությանը, որ միգուցե ինչ-որ տեղից, ինչ-որ գումարներ հավաքագրվեն և այդ ցանկությունն իրականություն դառնա, որովհետև ծրագիրը և բյուջեն դա չեն նախատեսել, այնինչ դա ամենահամեստ հաշվարկով 20 մլրդ դրամի կարգի ծախս է նախատեսում»։
Թանդիլյանի խոսքով՝ ամենամեղմ նկարագիրն այս բյուջեի համար պահպանողական ասելը կլինի։
Ինչ վերաբերում է ներդրումներին՝ Թանդիլյանն ասաց, որ այս երկու տարվա ընթացքում ներդրումների ծավալի աճը չի անցնում 6,7 տոկոսից:
Դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ Մանե Թանդիլյանն ասաց. «Եթե այս դահլիճում ենք օրենք խախտում, ի՞նչ ենք ակնկալում մեր քաղաքացիներից: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ կառավարության տնտեսական թիմը որևէ կերպ քաղաքական պատասխանատվություն չի կրում իշխող թիմի համար։ Բյուջեն պետք է վերադարձնել և 4 օրվա ընթացքում բյուջետային համակարգի մասին օրենքի բոլոր խախտումները շտկել։ Ֆինանսների նախարարից պետք է պահանջել այս դահլիճում օրենք չխախտել»:
Հարակից հրապարակումներ`
- Գազի հետ կապված կապիտալ հոսքի պահանջարկը կմեծանա. ԿԲ նախագահ
- Մեզ սկսել է անհանգստացնել սպառողական վարկերի աճի տեմպը. ԿԲ նախագահ
- Էկոնոմիկայի նախարարությանը 2020-ի բյուջեի նախագծով ավելի շատ գումար կհատկացվի
- Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները