Նախագծերի կառավարման մոդելը իրականություն է մեր պետական համակարգում. Փաշայան
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը (2nd Project Management Annual Conference 2019), որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության մասին՝ արդյունավետ կառավարում և շոշափելի արդյունքներ ապահովելու նպատակով։
«Շատ ոգևորիչ է նման միջոցառման իրականացումը և այն, որ նախագծերի կառավարման մոդելը իրականություն է մեր պետական համակարգում», -նշել է Միքայել Փաշայանը և ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը, որին զուգահեռ իրականացվել է բիզնես գործընթացների վերլուծություն և վերակառուցում, այդ թվում նաև՝ ընթացակարգերի ավտոմատացման նպատակով։
Նա անդրադարձել է նաև նախագծերի կառավարման մոդելի ներդրման արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումներին ժամանակակից ենթակառուցվածքների և համակարգերի ներդրման, գործընթացների ավտոմատացման ոլորտում։
Փաշայանը նշել է, որ նախագծերի կառավարման մոդելի մոդելի ներդրման շնորհիվ տեղի է ունեցել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կառուցվածքի վերանայում՝ անցնելով խիստ հիերարխիկ կառուցվածքից մատրիքսայինի, ինչը հնարավորություն է տալիս նախագծերի իրականացման ընթացքում ապահովել ճկունություն, անհրաժեշտ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավվածություն և որոշումների կայացման արագություն ու արդյունավետություն։