Համայն հայությունը պետք է կանգնի և մերժի ոռնացող ավագանու ինստիտուտը. Սոնա Աղեկյան
«Պարոն Նիկոլը, որ եկել է իշխանության՝ սիրո, հանդուրժողականության անվան տակ, երկրում ամեն ինչ վերածել է ագրեսիայի մթնոլորտի։ Նախկինում եթե վախի մթնոլորտ չկար, իրականում հիմա հենց այդպիսի մթնոլորտ է, վախենում ես մեկնաբանել աչքով տեսածդ, քանի որ ասում են՝ դու պիցցա՞ ես կերել կամ Սերժակա՞ն ես»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Աղեկյանի խոսքով, անգամ մամուլն է Հայաստանում դարձել «Նիկոլականների և ոչ նիկոլականների»։
«Մենք, իհարկե, զերծ ենք մնում Փաշինյանի կողմից հովանավորված անգրագետ լրատվականների հետ շփումից»,- նշեց Սոնա Աղեկյանը։
Համատարած ագրեսիայի մթնոլորտն, ըստ Աղեկյանի, բերել է Նիկոլ Փաշինյանն, ով Աղեկյանի խոսքով, երբևէ Արցախի սահմանին չի կանգնել և որպես զինվոր զենք չի կրել. «Նա չի ունեցել այն զգացողությունը, որ ունենում է զինվորը զենք բռնելիս։ Երբ զրուցում եմ Արցախյան հերոսների հետ, նրանք պատմում են, թե ինչպես են իրենց զինակից ընկերների դիերի կողքին խոստացել, որ պահպանելու են Հայաստանն՝ իր արժեքներով։ Վստահ եմ, որ Նիկոլը չի ունեցել այդ զգացողությունը։ Այսինքն՝ սահմանին չկանգնելը խոսում է հայ առնական տղամարդու բացակայության մասին։ Եվ բնական է, որ նա գալով իշխանության, պետք է փորձի խեղճացնել հերոսներին, և ջրի երես հանել ապազգայինը։ Ավագանու անդամին տա հնարավորություն, որ նա ոռնա Հանրապետության հրապարակում՝ պետբյուջեի հաշվին։ Համայն հայությունը պետք է կանգնի և մերժի ոռնացող ավագանու ինստիտուտը»։
Աղեկյանի համար անընդունելի է նաև բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր լինելու խրախուսումը. «Բոլոր զարգացած երկրներում սեփական լեզուն սովորելը կարևորվում և խրախուսվում է»։
Սոնա Աղեկյանը նշում է, որ ինչ եկել է «Նիկոլի ժամանակը», ամեն օր պետական չինովնիկների աշխատավարձերի բարձրացման ու պարգևավճարների մասին ենք լսում.«Արդեն երրորդ եռամսյակն է, ինչ իշխանությունն իր ապաշնորհ ղեկավարմամբ պարգևավճարներ է տալիս վարչությունների պետերին և բոլոր աշխատակիցներին»։
Իր խոսքում Աղեկյանն անդրադարձավ պետական ապարատում աշխատողների գրագիտության խնդրին։
«Քաղաքապետարան ուղարկածս հարցման պատասխանը ես կարմիր գրիչող ուղղել եմ, քանի որ ինձ փողոցային բառապաշարով պատասխան են ուղարկել։ Քաղաքապետարանիս ստացված պատասխանում նշվում է, որ կառույցը ոչ մի վճարում չունի անելու»,-ասաց նա։
Անդրադռնալով իր դեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցուցած դատական հայցին, Աղեկյանը նշեց, որ իրենք առաջին հաղթանակը տարել են. «Մեր փաստաբանը ներկայացրել էր միջնորդություն գույքի և դրամական միջոցների վրա դրված հայցի արգելման միջոց կալանքը հանելու վերաբերյալ։ Ի պատիվ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, ասեմ, որ հայցը բավարարվել է, արգելանքը հանել են։ Էստեղ ունենք առաջին հաղթանակը։ Հաջորդ դատական նիստը, որն արդեն, ըստ էության, պիտի լինի արժանապատվության ոտնահարման վերաբերյալ, բայց նա դեռ պետք է ապացուցի, որ ունի արժանապատվություն, իսկ ես դա ոտնահարել եմ»։