Գանձագողերը ձեռնունայն տուն չեն գնացել՝ արգելոցի տեսախցիկներ են գողացել
Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք» խաչքարերը և փորել գերեզմանները: Նշենք, որ տեղանքը հին բնակատեղի է եղել և մինչև 1950թ.-ը դեռ բնակվողներ եղել են (խոսքը Գիլանի տարածքի մասին չէ,որտեղ դեռ բնակիչներ կան): Այժմ արգելոցի սահմաններում է, որտեղ մարդու մուտքն առհասարակ արգելված է, եթե չկա տնօրինության կողմից համապատասխան թույլտվություն:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը հաստատեց, որ տեսանյութը համապատասխանում է իրականությանը և այժմ իրավապահ մարմինները կփորձեն պարզել, թե ովքեր են վանդալիզմի հեղինակները: Նա նաև տեղեկացրեց, որ տարածքում տեսահսկող սարքեր կային, սակայն դրանք նույնպես գողացվել են:
«Յոթ տարվա մեջ առաջին դեպքն է։ Բարբարոսություն է, մարդու գերեզման են քանդում, ոսկորներ են հանում։ Այդ հատվածը գյուղատեղի է և գերեզմաններ են։ Հին գյուղատեղի է, Մանկուկը։ Մեքենաներով բացառվում է բարձրանալը, այնտեղ մենք պոստեր ունենք, հնարավոր չի բարձրանալը։ Ինձ թվում է ովքեր, որ գնացել արել են, իրենք էլ նկարել ուղարկել են։ Դա տարածք է որտեղ ոչ ոք չի գնում, նույնիսկ մեր աշխատողները չեն գնում, որովհետև անելու բան չկա այնտեղ»,- ասաց Հովակիմյանը:
Տնօրենը նաև կասկածներ ունի, որ կատարվածն իր դեմ է ուղղված. «Էս ռայոնում շատերին ձեռք էլ չի տալիս, որ ես երևանցի եկել եմ ստեղ իրանց չեմ թողնում մտնեն։ Նախկինում իրենց տան նման մտել են ինչ ուզել արել են: Հիմա իրանց կոկորդի ոսկորն եմ դարձել»:
Այսուհանդերձ, ինչ է տեղի ունեցել և որքան է կազմում վնասը: Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը հաջորդ օրն իսկ բարձրացել է դեպքի վայր: Ասում է խաչքարերը տեղահանված էին, բայց բարեբախտաբար, վնասված չէին: Դրանք 13-րդ դարի խաչքարեր են և մեծ արժեք են ներկայացնում: Իսկ ահա գերեզմանները փորված են եղել. «Կային փոսեր մեկ մետր խորությամբ, երկու մետր երկարությամբ, որտեղ երևում էին ոսկորներ: Բայց միանշանակ չեմ կարող ասել, որ դրանք մարդու ոսկորներ էին: Կային կարճ կտորներ, որոնք ոնց որ կենդանու լինեին»:
Հարցին, թե արգելոցում ինչպես է իրականացվում վերահսկողությունը, արդյոք կան վերահսկողության հետ կապված խնդիրներ, Կարապետյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ վերահսկողության խնդիր կա, քանի որ բարձր մակարդակի վրա է: Բայց կարող են ոչ թե ուղեփակոցներով, այլ մեկ ուրիշ ճանապարհով մտնել»:
Նրա խոսքով ՝ առհասարակ մարզում գանձագողության դեպքեր հանդիպել են, բայց արգելոցի դեպքում՝ առաջինն էր. «Ես չեմ կարող ասել սա գանձագողություն է, թե պարզապես ցանկացել են վնասել: Բայց ժողովրդի մեջ գանձերի վերաբերյալ տարածված միֆեր կան, գուցե դրա հետքերով են գնացել»:
Իրավաբան Նազելի Վարդանյանից էլ տեղեկացանք, որ առհասարակ արգելոցային ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն, սակայն, եթե այն ուղեկցվում է նյութական վնասով , ապա կարող է լինել նաև քրեական պատասխանատվություն:
«Պատմամշակութային արժեքների վերաբերյալ մի քանի հոդված կա: Գործը ուսումնասիրելուց հետո կգնահատվի, թե ինչ չափի վնաս է հասցվել: Այսինքն՝ արգելոցային ռեժիմի խախտում ակնհայտ կա, դրան էլ կգումարվի պատմամշակութային արժեքներին հասցված վնասի չափը, չի բացառվում, որ լինի քրեական պատասխանատվություն»,-ասաց իրավաբանը: