«Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը:
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենը՝ արձակագրի որդի Դավիթ Մաթևոսյանը, նախքան շնորհանդեսը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ եղել է քննարկում մշակութային կենտրոն-թանգարանի և զբոսայգու հարցով, որի արդյունքը եղել է այս հանձնարարականը՝ կազմել ցուցադրության հայեցակարգն ու ներքին հարդարման դիզայնը, շրջակա այգու նախագիծը:
«Ես դա ընկալել եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, քաղաքապետարանին, պատկան այլ մարմիններին և մեզ ուղղված հանձնարարական: Փոխնախարարի հետ մեկ անգամ 40 րոպեանոց քննարկում ենք ունեցել, ընդհանուր հայտարարի, կարծիքի չենք եկել: Մենք ուզել ենք մեր կարծիքը հայտնել, իրենք՝ իրենց:
Մենք մեր խոստացածը կատարել ենք, այսինքն կազմել ենք հայեցակարգն ու նախագիծը, ինչի մասին նամակով տեղեկացրել ենք նախարարությանը, հայտնել, որ նոյեմբերի 16-ին կայանալու է շնորհանդեսը, հրավիրել ենք: Նաև նշել ենք, որ եթե չեն կարող մասնակցել հանրային քննարկմանը, պատրաստ ենք նախագծի համահեղինակների մասնակցությամբ ներկայացնել այն մեկ այլ օր: Պատասխան չենք ստացել»,- ասաց Դ. Մաթևոսյանը:
Մինչ այս պահը տեղի ունեցած քննարկումները, նա արդյունավետ չի համարում, առաջիկայում նախատեսում են ներկայացնել նաև վարչապետին:
Խոսելով Գրականության «Ահնիձոր» զբոսայգու մասին, նա նախ նշեց. «Իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»: Այնուհետև ներկայացրեց, թե ինչ է այն իրենից ներկայացնելու: Թանգարանն ու զբոսայգին լինելու են անբաժանելի օրգանական մաս, լրացնելու են միմյանց:
«Զբոսայգին լինելու է մի միջավայր, որտեղ մարդիկ, անկախ նրանից, կմտնեն թանգարան, թե ոչ, կծանոթանան ցուցադրության մի մասին, այսպես թե այնպես կառնչվեն մշակույթին, գրականությանը, Հրանտ Մաթևոսյանի գրականությանը: Տեխնիկական միջոցներով, ճարտարապետական նախագծմամբ, լանդշաֆտի ու դիզայնի միջոցով փորձելու են հասնել դրան»,- ասաց Դ. Մաթևոսյանը:
Լրագրողների հետ զրույցում ճարտարապետ Աշոտ Արշակյանն ասաց, որ մի փոքր փոխել են տարածքների ավանդական կանաչապատման ձևաչափը:
«Ընտրում ենք Ահնիձորի բնությանը յուրահատուկ ծառատեսակներ, թփեր, դրանց բարձրությունից ու հոտավետությունից կախված՝ լինելու է որոշակի միջավայր, որը յուրահատուկ է լինելու Ահնիձորի բնությանը: Լինելու է ժայռաբեկորներով պարփակված փոքրիկ տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել լսումներ այն եղանակին, որը հարմար է Երևանի կլիմային: Պետք է լինի տեսադիտումների փոքրիկ բացօթյա սրահ մոտավորապես 60-70 տեղով: Վերջնամասում՝ Տերյան փողոցի առանցքի ուղղությամբ, կկազմակերպենք փոքրիկ դիտահարթակ, որտեղ կարող են տեղադրել Հրանտ Մաթևոսյանի կամ ընդհանուր՝ նվիրված գրականությանը, փոքրիկ հուշարձան: Այգու շուրջը լինելու են բարձր թփեր, որոնք ներքին տարածքը կառանձնացնեն ճանապարհային հատվածից՝ որոշակի սահմանափակելով նաև ձայնն ու ծուխը»,- ներկայացրեց ճարտարապետը:
1,5 հեկտար տարածք է կազմում, շուրջ 2000 ծառ ու թուփ է տնկվելու:
Դավիթ Մաթևոսյանը համոզված է, որ այս ծրագիրն անպայման իրականանալու է, սակայն չգիտի՝ երբ և ինչպես. «Ինչ որ մեզ հանձնարարվում է, ինչ որ մեր ուժերով ենք իրականացնում, մենք հասցնում ենք, ով չի հասցնում, թող ինքը մտածի: Իմ ու համահեղինակների կամքն է, որ Հրանտ Մաթևոսյանի հաջորդ հոբելյանին մենք ունենանք այս ամենը: Իրականացվող ծրագիր է, որևէ բարդություն չի ներկայացնում այս ամեն ինչը սկսելը: Չեմ հասկանում այս անորոշությունը, տատամսելը»:
Դ. Մաթևոսյանը նշեց, որ այս թանգարանի խորհուրդն է կիրթ, մշակույթով կրթված, ձևավորված սերունդ ունենալը. «Խորհուրդն այն է, որ անընդհատ նոր սերունդներ պետք է ձևավորի, նոր մարդկանց պետք է ոտքի հանի հայերենի, հայ գրականության, համաշխարհային գրականության, համաշխարահային մշակույթի հենքի վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Շվարած ու անհանդուրժելի վիճակ
- Հասմիկ Պապյան. Չեմ հասկանում, թե տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում Մաթևոսյանի թանգարանի դեպքում
- «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարության ավարատը նախատեսվում է 2017-ի աշնանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան