Ուսումնասիրվում է Գևորգ Էմինի արխիվը
Գրող, բանաստեղծ Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված Հայաստանի Ազգային գրադարանում բացվել է գրականության ցուցադրություն: Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում ներկայացված են Գևորգ Էմինի ստեղծագործությունների մի շարք ժողովածուներ, նրա գործերի՝ ամենատարբեր լեզուներով թարգմանությունները, գրողի անտիպ ձեռագրերի օրինակներ, լուսանկարները, Էմինի ընթերցմամբ վինիլ ձայնապնակներ և ուշագրավ այլ նյութեր: Այցելուները կարող են տեսնել բանաստեղծի՝ առաջին գրքից՝ 1940 թ. Երևանում տպագրված «Նախաշավիղ» ժողվածուից մինչև 1997-ին Հալեպում լույս տեսած «Շատ չեղա՞վ, Աստված» գիրքը:
«Հորս հաստատ դուր կգար այս ցուցադրությունը: Գիրք շատ էր սիրում, տան մեծ մասը գրքերն էին զբաղեցնում, ու փոքր ժամանակ ես սրտնեղում էի, որ խաղալու տեղ չունեմ, գրքերի հոտն էլ չէի սիրում, թեև հենց տան մթնոլորտը, հորս գրքասիրությունը նպաստեց, որ ես ընթերցասեր դառնամ»,- ասել է Գևորգ Էմինի որդին՝ թարգմանիչ, Հայաստանի գրողերի միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արտաշես Էմինը:
Գևորգ Էմինը հսկայական անտիպ ձեռագրեր ունի: Արտաշես Էմինը նշել է, որ ներկայումս ինքն ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն զբաղված են գրողի արխիվի ուսումնասիրմամբ և դասակարգմամբ:
Գրականագետն ընդգծել է, որ արխիվն ուսումնասիրելիս նորովի է բացահայտել Գևորգ Էմինին. «մի հզոր անատականություն, որն ինքնին էպոխա է». «Մեր աչքերի առջև հառնում է բոլորովին այլ՝ մինչ այժմ մեզ անհայտ գրող ու մտածող: Եվ որ ամենակարևորն է և ամենաուրախալին, այդ արխիվում պահվող նյութերը հերքում են Էմինի մասին տարիներ շարունակ հյուսված բանսարկություններն ու զրպարտանքները»:
Հարակից հրապարակումներ`
- Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը» թեմային
- Գևորգ Էմին-Տերյան. Նախարարությանը ոչ մի ձևով չի հուզել Էմինի 100-ամյակը
- Գևորգ Էմինի ծննդյան օրն է