Այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել. Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին
Մովսես Հակոբյանի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով գալը չէր կարող կապ ունենալ նրա պաշտոնանկության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ, պաշտոնից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալները՝ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսեսյանը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողով հրավիրվելու է նաև Մովեսես Հակոբյանը, իսկ նրա պաշտոնանկությունը և առհասարակ որևէ բան չի կաշկանդում իրենց. «Կաշկանդվողներին փնտրեք «Վերնատանը»»:
Հարցին, թե նրան կարո՞ղ են պարտադրել գալ քննիչ հանձնաժողովի նիստին՝ պատգամավորն ասաց, որ որևէ մեկին պարտադրելու իրավունք չունեն՝ անկախ պաշտոնից, բայց ում հրավիրում են՝ հաճույքով գալիս են. «Այլ բաներ փնտրել պետք չի»:
Դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանն այն պաշտոնյաներից էր, որը նախկին իշխանության հետ էր ասոցացվում, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նա նախկինի նախկին էլ է եղել. «Ընդհանրապես մեր զինվորականները ծառայություն մատուցել են բոլոր իշխանությունների ժամանակ»։
Պատգամավորը նաև չցանկացավ գնահատական տալ Մովսես Հակոբյանի աշխատանքին:
Հարցին՝ ինչո՞ւ է հեռացվել նա, պատգամավորը նշեց, որ հավանաբար դիմում է գրել:
Երբ լրագրողներն ասացին, որ նրա հետ պաշտոնանկ են արվել նաև նրա տեղակալները, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ դա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել, և վարչապետը նման որոշում է կայացրել. «Դա վարչապետի իրավասության սահմաններում է»։
Հարակից հրապարակումներ`
- Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից
- Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան