Իրանը դատապարտում է ԱՄՆ-ին՝ « խռովարար» ցուցարարներին աջակցելու համար
Իրանը, նախօրեին տարածած հայտարարության մեջ, դատապարտել է Միացյալ Նահանգներին՝ խռովարար ցուցարարներին աջակցելու համար՝ Իսլամական Հանրապետությունում բենզինի թանկացման դեմ երկու օր շարունակվող բռնի բողոքներից հետո: Այս մասին գրում է France 24-ը։
Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այն արձագանքում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի «աջակցության արտահայտությանը մի խումբ ապստամբներին Իրանի որոշ քաղաքներում և դատապարտում է նման աջակցությունն ու միջամտող դիտողությունները»:
Նշվում է, որ ուրբաթ օրը Իրանում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ բենզինի գինը կբարձրանա 50 տոկոսով՝ մինչև 15,000 ռիալ մեկ լիտրի դիմաց (12 ԱՄՆ ցենտ, մոտ 170 ՀՀ դրամ)։
Կառավարության որոշմամբ, այս գնով հնարավոր կլինի գնել ամսական միայն 60 լիտր: Նրանք, ովքեր ցանկանում են ավելի շատ բենզին գնել, ապա պետք է վճարեն ավելի թանկ: Այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիալ։
Շաբաթ օրը թվիթերյան իր էջում Պոմպեոն ի պատասխան Իրանում բողոքի ցույցերի՝ գրել էր.«Միացյալ Նահանգները ձեզ հետ են»:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին քննադատել էր Պոմպեոյի մեկնաբանություններն ու գրել, որ «Իրանի արժանապատիվ ժողովուրդը լավ գիտի, որ նման կեղծավոր ակնարկները չունեն ոչ մի անկեղծ համակրանք» և որ ԱՄՆ-ը աջակցում է այն մարդկանց հետ, ովքեր գտնվում են Ամերիկայի տնտեսական ահաբեկչության ճնշման տակ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Արևելյան Ատրպատականի նահանգապետը սառը ջուր է լցրել Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի գլխին
- Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր
- Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը