Երևանի 2020 թվականի «աննախադեպ» բյուջեն և 2019 -ի 7 մլրդ 800 մլն թերծախսը
«Երբ ասում են՝ Երևանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցել` 26 միլիոնի չափ, ընդամենը պետությունից տրվող սուբվենցիաներն են ավելացել, այլ ոչ թե մենք ձեռքբերում ենք ունեցել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի 2020 թվականի քաղաքային բյուջեին, որն, ըստ քաղաքային իշխանության տրամադրած տվյալների, ավելացել է 24 միլիոն դրամով։
Խաչատրյանի խոսքով, Երևանի բյուջեն ավելացել է նաև տուրքերի բարձրացման հաշվին. քաղաքապետարանը թե՛ տարեսկզբին, թե՛ տարվա ընթացքում տուրքերը բարձրացրել է, դրա հաշվին էլի ինչ-որ չափով աճ է գրանցվել բյուջեում։
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ 2020 թվականի համար նախատեսված բյուջեն 107 միլիարդ 120 միլիոն է, ինչը քաղաքային իշխանությունները և «Իմ քայլ»-ական ավագանու անդամները համարում են աննախադեպ։
«Այդ գումարի շուրջ 70%-ը պետության կողմից տրված սուբվենցիաներն են։ Այսինքն՝ մենք ունենք պատվիրակված մի շարք լիազորություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները, դպրոցները, նախակրթարանները։ Այսինքն՝ պետությունը քաղաքապետարանին լիազորել է որոշակի պարտականություններ և դրանց համար աշխատավարձեր է տրամադրել։ Այստեղ քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի»,-ասաց նա:
Թեհմինա Վարդանյանի խոսքով, աննախադեպ երևույթ է լինելու այն, որ 9 միլիարդ 112 միլիոն դեֆիցիտ է ունենալու բյուջեն. «Եվ պարզ չէ, թե ինչ միջոցներով են սրանք փակվելու։ Որովհետև աշխատավարձային ֆոնդին, այսինքն՝ պատվիրակված լիազորություններին տրվող գումարների ֆոնդին որևէ մեկը չի կարող ձեռք տալ»։
Սեփական եկամուտները, Վարդանյանի խոսքով, քաղաքապետարանը հաշվարկել է շուրջ 3 միլիարդ ավելի. «Սրանից 1 միլիարդ 800 միլիոն դրամը գույքահարկն է։ 2019 թվականին հունվարի 1-ից սկսվող մեքենաների մաքսազերծման գնի բարձրացման հետ կապված, բազմաթիվ մեքենաներ են ներկրվել Հայաստան, որտեղից և արտահանվել են։ Հիմա 2020 թվականին քաղաքային իշխանությունը հաշվարկել է, որ 1 միլիարդ 800 միլիոն եկամուտ է ունենալու գույքահարկից, բայց սա արդեն խնդիր է, որովհետև այդ մեքենաների կեսն արդեն արտահանվել է տարբեր երկրներ, իսկ դրանց համար դեռևս որևէ մեկը գույքահարկ չի վճարել»։
Թեև բյուջեն ավելանում է, սակայն, Անի Խաչատրյանի դիտարկմամբ, մայրաքաղաքում ոչինչ դեպի լավը չի փոխվել։
«Մենք 2019 թվականի բյուջեում ունենք նաև թերծախս, որը գերազանցել է նույնիսկ քաղաքապետ չունեցած ժամանակ Երևանի գրանցած թերծախսը։ Այս պահին չգիտենք՝ որտեղ է ծախսվել այդ 7 միլիարդ 800 միլիոն գումարը։ Եվ երբ քաղաքային իշխանությունն ասում է, թե ավելացրել է օրինակ կանաչապատման բյուջեն, մենք չենք կարող հստակ իմանալ ավելացվե՞լ է այն, թե՞ նախորդ տարվա չարածն են նորից կցում»,- նշեց Անի Խաչատրյանը։