Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Հանձնաժողովի անդամների մեկական թեկնածու են առաջարկել ՀՀ կառավարությունը, ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, Բարձրագույն դատական խորհուրդը:
Կառավարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում 6 տարի ժամկետով առաջադրել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը։
Ներկայացնելով կոռուպցիայի դեմ իր պատկերացումները՝ Լ.Ալեքսանյանը նախ անդրադարձավ 2018 թ-ին տեղի ունեցած հեղափոխությանը, այնուհետև նշեց, որ մարդկանց զայրույթը կարող է շարունակական լինել, եթե կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներն ու գործող լուծումները լինեն անարդյունավետ և ժամանակավոր։
«Ուստի կոռուպցիայի դեմ պայքարում առավել ընդգրկուն և մեխանիզմների անհապաղ ներդրման անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Լիլիթ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ հեղափոխությունից հետ տարվել են բավականին լայնածավալ աշխատանքներ և ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել ունենալ իր լուման այս գործընթացում և ծառայեցնել իր գիտելիքներն ու փորձը Հայաստանին։
Լիլիթ Ալեքսանյանն ասաց, որ համաձայն Թրանսփարենսի ինթերնեշնլի հրապարակած կոռուպցիայի ընկալման 2018 թ-ի ինդեքսի՝ Հայատանն ունի 35 միավոր հնարավոր 100-ից։
«Այս ցուցանիշով 180 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 105-րդ տեղում, ինչը շատ հեռու է լավագույն ցուցանիշից։ Վստահ եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը, արդյունավետ ու թիրախավորված գործունեությունը պետք է դառնա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնաքարերից մեկը»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ շարունակական պայքարը պահանջում են համակարգային լուծումներ։
«Հարկ է սերմանել այն գիտակցությունը, որ կոռուպցիան ունի երկու կողմ. առաջինում դրա անհրաժեշտությունն է առաջանում, երկրորդն իրականություն է դարձնում, հետևաբար՝ համակարգային մոտեցումներն ու մեխանիզմները պետք է ներառեն թե հանրային, թե մասնավոր հատվածը, քանի որ կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ»,-նշեց Լիլիթ Ալեքսանյանը։
Խոսելով կենսագրության մասին՝ թեկնածուն ասաց, որ աշխատանքային փորձ ունի ֆինանսական համակարգում և ձեռք է բերել ռիսկերի վերլուծության և կառավարման, ֆինանսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված վերահսկիչ գործիքակազմի մշակման և մշտադիտարկման, հաճախորդների ռիսկայնության սահմանման հմտություններ։
«Այժմ ղեկավարում եմ ֆինանսական հաստատության՝ բանկի այն ստորաբաժանումը, որն ունի հատուկ գործառույթ՝ ուսումնասիրում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի, եկամուտների հայտարարագրերը և գնահատում դրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն պահանջներին: Զբաղվել եմ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի միջազգային չափանիշները հայկական օրենսդրությանը համապատասխանեցնելով»,- նշեց Լիլիթ Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է հանձնաժողովին, նա ասաց, որ անհրաժեշտ է համարում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման համար ներդնել ավտոմատացված համակարգ, որը թույլ կտա խորքային ուսումնասիրել առավել ռիսկային պաշտոնյաներին և առանձին իրադարձությունները: Բացի այդ, առաջարկում է պետական համակարգում ներդնել նվերների և հրավերների վերահսկողական մեխանիզմներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան