«Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամներ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանն այսօր լրագրողներին ներկայացրին 2020 թվականի Երևանի քաղաքային բյուջեն և այնտեղ եղած բացերը։ Անի Խաչատրյանի խոսքով, բացերից մեկն այն է, որ, օրինակ, Հայկ Մարությանի բյուջեն շարունակում է նախորդների քաղաքականությունը։
«Մենք մեղադրում էինք Տարոն Մարգարյանին՝ դրոշների համար հատկացվող 44 միլիոնի մեջ, բայց Հայկ Մարությանի բյուջեում նորից դրոշներին հատկացվելիք գումարը 44 միլիոնն է շարունակում մնալ»,- ասաց Անի Խաչատրյանը։
Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ քաղաքապետի աշխատանքի թերությունները բարձրաձայնելու մեջ իրենց հաճախ են մեղադրում, սակայն իրենք շարունակում են այն ուղին, որը բռնել են 2017 թվականին, երբ իրենց քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր։
«Պարոն Փաշինյանի քաղաքական թիմում են որոշ բաներ փոխվել։ Ժամանակին մենք բոլորս՝ այդ թվում պարոն Փաշինյանը մեղադրում էինք քաղաքային իշխանություններին՝ նշելով, որ քաղաքային նստարանները կարելի է ձեռք բերել 65-70 հազար դրամով։ Փաշինյանը նշում էր, որ այստեղ կարող է լինել կոռուպցիոն դրսևորում Տարոն Մարգարյանի կողմից, քանի որ վերջինս իրենով է անում նստարանների ատկատը։ Խնդիրն այն է, որ այս տարի նստարանները մենք ձեռք ենք բերել ոչ թե 160, այլ 164 հազար դրամով»։
Վարդանյանը վերոնշյալ հանգամանքը համեմատեց Հովհ. Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի հետ, երբ թագավորը խոստանում է իր թագավորության կեսը տալ այն մարդում, ում սուտը ամենամեծը կլինի։
«Եթե Տարոն Մարգարյանը կոռուպցիոն կապվածության մեջ էր այդ նստարաների հետ կապված, ապա ինչու են այդ նստարանները մինչ այսօր ձեռք բերվում նույն գնով։ Ես հորդորում են պարոն Փաշինյանին, որ ՊՎԾ-ին ուղարկի և ստուգել տա այդ բոլոր փաստաթղթերը։ Եթե էդտեղ կոռուպցիա չկա, մենք ներողություն խնդրենք Տարոն Մարգարյանից։
Այսինքն՝ կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր, որովհետև մենք այս թեմայով բազում անգամներ խոսել ենք»,- նշեց Վարդանյանը։
Նման օրինակներն, ըստ Վարդանյանի, քաղաքային տնտեսության մեջ շատ են։ Մեզ մեղադրում եք, որ չեն նկատում քաղաքային իշխանության լավ քայլերը։ Լավ քայլ ցույց տվեք, մենք էլ ասենք»,- եզրափակեց Թեհմինա Վարդանյանը։