Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն. Հայկուհի Հարությունյան
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու լինելուն մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, քանի որ քաջ գիտակցում եմ, թե ինչպիսի խնդիրներ կան ծառացած այս ոլորտում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Նարեկ Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Նարեկ Համբարձումյանի կարծիքով՝ ներկա պայմաններում Հայաստանի որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է ընդգրկի ոչ միայն անձեր և կառույցներ, այլ պետք է կրի համակարգային բնույթ, և բացառի կոռուպցիայի ցանկացած դրսևորում:
«Այս գործընթացում կարևորում եմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը պետական մարմինների՝ մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունում»,- ընդգծեց Նարեկ Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կոռուպցիան մեր երկրի զարգացմանը խոչընդոտող մեծագույն չարիք է և դրա դեմ պայքարի գործում, ըստ նրա, անհրաժեշտ է համախմբել բոլորի ջանքերը։ «Ես ինքս պատրաստ եմ իմ գիտելիքները ծառայեցնել պատասխանատու այս գործին»,- ասաց ԲՀԿ-ի թեկնածուն։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ հանձնաժողովին իր անդամակցությունը բնորոշում է որպես քաղաքացիական պատասխանատվություն՝ իր և Հայաստանի քաղաքացիների առջև:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը նաև քաղաքական պատասխանատվություն է Հայաստանի նոր իշխանության համար:
«Ես հավատում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արմատախիլ անելու օրակարգը շարունակելու է մնալ առաջնահերթություն, որի շուրջ ձևավորված քաղաքական համերաշխությունը երբևէ այլ շահի առջև չի նահանջելու և չի դառնալու խմբակային շահերին ծառայող և հարմարեցված լծակ»,- ասաց Հայկուհի Հարությանյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում պատրաստ է ներդնել իր կարողություններն ու տարիների փորձը։
Նա նաև նշեց, որ իր համար շատ կարևոր է և խիստ նշանակալից, որպեսզի հանրության մեջ ձևավորվի կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն։
Հարակից հրապարակումներ`
- Շաթիրյանը պատգամավորի հարցն ինտրիգային համարեց
- Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը չափազանց բարձր է. Էդգար Շաթիրյան
- Ես շատ մեծ հույսեր եմ կապում կանխիկի շրջանառության կարգավորման հետ. թեկնածու
- Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան
- ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան