«Վրացական երազանքը» հրաժարվում է քննարկել ցուցարարների պահանջը
«Ընտրություններին մնացել է 1 տարուց պակաս: Ըստ այդմ, մենք այլևս չենք պատրաստվում քննարկել ընտրական համակարգին վերաբերող որևէ նոր նախաձեռնություն», - այս մասն հայտարարել է Վրաստանու իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Այս մասին գրում է «Грузия Online»-ը։
Ըստ նրա, ընտրությունները կանցկացվեն գործող սահմանադրությամբ սահմանված կարգով, ժամանակին, առավելագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և միջազգային հանրության շատ բարձր մասնակցությամբ:
«Մենք հակառակորդներին կոչ ենք անում պատրաստվել ընտրություններին և չմեղադրել ընտրական համակարգերը մարդկանց աջակցության պակասի համար: Պարզ է, որ յուրաքանչյուր ընտրական համակարգ ունի իր դրական և բացասական կողմերը: Այնուամենայնիվ, երկու ընտրական համակարգերն օրինական են և ժողովրդավարական: 2020-ին ընտրություններն անցկացվելու են խառը համակարգով, ինչպես անցկացվել են մինչ այժմ վերջին երեք տասնամյակների ընթացքում»,-ասել է Կախա Կալաձեն ու հավելել, որ 2012թ.-ին այս ընտրական համակարգի համատեքստում են փոխել ռեժիմը։
Կալաձեն նաև նշել է, որ ելնելով ստեղծված իրավիճակից, իշխող թիմը հնարավորինս համբերատար կլինի, սակայն ավելացրել, որ դեստրուկտիվ մոտեցման շարունակության դեպքում իշխանությունների համապատասխան ռեակցիան կլինի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը տապալեց սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք ենթադրում էին, որ 2020թ.-ին խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին համամասնական ընտրակարգով՝ զրոյական ընտրական շեմով: Նախաձեռնությունը շարունակելու համար անհրաժեշտ էր, որ 150 պատգամավորներից 113-ը կողմ քվեարկեր, սակայն աջակցել էր միայն 101 պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության 3 պատգամավորներ դեմ էին քվեարկել, ձեռնպահ էր եղել 39-ը: Քվեարկությունից հետո երկրում բողոքի ակցիաներ են, շրջափակվել է խորհրդարանի շենքը։