Գինեգործության հիմքը խաղողագործությունն է, ի՞նչ է արվում ոլորտի զարգացման համար
Հայաստանում գինեգործության զարգացման իրողությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին եւ համալսարանի գործընկերներին մղում է լուծելու գինեգործության հիմքը՝ խաղողագործությունը զարգացնելու կարեւոր խնդիրը: Այս մասին տեղեկացնում է ՀԱԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ագրարային համալսարանում անցկացվել է «Խաղողի վազի վերաբերյալ կենսաբանական և ֆիզիոլոգիական ընդհանուր գիտելիքներ» վերապատրաստման ծրագիր: Սա Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի, GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի, Երևանի կոնյակի գործարանի, Արմենիա Վայն ընկերության, ՀԱԱՀ-ի եւ Ագրոբիզնեսի գյուղի զարգացման կենտրոնի (CARD) համատեղ վերապատրաստման տեւական ծրագրի առաջին մոդուլն էր:
Ծրագիրը շարունակվելու է 2020թ.-ին, հաջորդ մոդուլը կանցկացվի գարնանը: Վերոնշյալ կառույցները ներկայացնող դասախոսների, խորհրդատուների եւ փորձագետների համար նախատեսված վերապատրաստումն անցկացնում են Ֆրանսիայի Ռիչմոնդի համալսարանի մասնագետները: Վերապատրաստում անցած մասնագետներն իրենց հերթին կվերապատրաստեն խաղողագործությամբ զբաղվող ֆերմերների: ՀԱԱՀ-ից մասնակցում էր 5 մասնագետ:
Առաջին մոդուլն անցկացրել է Ռիչմոնդի համալսարանի մասնագետ Մաբիլ Լորենը: Տեսական եւ գործնական դասընթացներից բաղկացած մոդուլն ընդգրկում էր խաղողի տնկման մեթոդները, որթատունկի արտադրությունը, տարածքի նախապատրաստումը, վազի, վազի հողածածկման տարածքի, հողերի շերտերի և հողային փոսերի ուսումնասիրությունը, հողի փորձաքննությունը եւ այլն:
Դասընթացի գործնական մասն անցկացվել է Արմենիա վայն ընկերությունում եւ ՀԱԱՀ-ի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում եւ Գինու ուսումնագիտական կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում