Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը միտված ծրագիր է իրականացվում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համայնքների համաչափ զարգացմանը, ենթակառուցվածքների հզորացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերը և վստահություն հայտնել, որ համատեղ նախագծերը շարունակելու են տալ իրենց տեսանելի արդյունքները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը իր հերթին կարևորել է փոխլրացնող ջանքերով կյանքի կոչված ծրագրերի շարունակականությունը և ներկայացրել «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը: Մարիասինի խոսքով՝ բազմաբնակարան շենքերի բնակիչներն ունեն էներգախնայողության, էներգետիկ ծախսերի իջեցման խնդիրներ, որոնց հնարավոր է լուծում տալ ծրագրի շրջանակում համագործակցության միջոցով:
Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիրը նախատեսված է իրականացնել Երևանում և մարզերում՝ նպատակ ունենալով բարելավել պետության էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի և հանրային առողջության մակարդակը:
Խոսելով էներգաարդյունավետության արդիականացման ծրագրերի ուղղությամբ համագործակցության հեռանկարների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ հատկապես մարզերում էներգիայի խնայողությանը միտված աշխատանքներ իրականացնելու, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կիրառելու անհրաժեշտությունը խիստ արտահայտված է, և խնդրի կարգավորումը հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից մեկը նաև երկրորդային քաղաքների համաչափ զարգացման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԶԾ մասնակցության և խորհրդատվական աջակցության հնարավորությունները համայնքային սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում փողոցային լուսավորության, հասարակական և բազմաբնակարանային շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանը վերաբերող ծրագրերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման ուղղությամբ հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։