Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան. Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2020թ. հոկտեմբերի 10-ին (կամ՝ մինչև այդ) 10 մլն ծառ տնկել Հայաստանում։
Ամբիցիոզ ու ոգևորող նախաձեռնություն էր, բայց պարզվեց՝ փուչ։
2020թ. բյուջեի նախագծով նախատեսվում է «Անտառպահպանական ծառայություններ»-ի վրա ծախսել 1.3 մլրդ դրամ կամ, մոտ 2.7 մլն դոլար (ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանն հատկացվող միջոցներ, կետ 3.1.)։
Մեկ այլ տողով նախատեսվում է «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների» վրա ծախսել 413.8 մլն դրամ (կետ 3.6.):
Վերջին թվի հետ կապված՝ թեև նախարար Էրիկ Գրիգորյանն ասել էր, թե նախատեսված է 1 միլիոն դոլար, սակայն 413.8 մլն դրամն այսօրվա կուրսով կազմում է մոտ 871 հազար դոլար։
Նախ՝ համեմատության համար նշենք, որ անտառապահպանական և անտառների կառավարման ծառայությունների տողով 2018թ. հատկացվել էր 1 981.2 մլն դրամ, իսկ 2019թ.-ին՝ 2046.4 մլն դրամ։
Հաշվի առնելով դասիչների ու տողերի որոշ փոփոխություններ, կարելի է տեսնել, որ ոլորտի ֆինանսական հատակցումների մեջ շեշտակի փոփոխություն չկա։ Այսինքն՝ 10 մլն ծառի թեման բառիս բուն իմաստով մոռացության է մատնվել։
Երկրորդ, Էրիկ Գրիգորյանը, խոսելով իբր 1 մլն դոլարի մասին, մոռացել է նշել, որ բյուջեի նախագծով նախատեսված 413.8 մլն դրամը ծրագրվում է ծախսել «150 հա վրա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների իրականացման»։
Եթե առաջնորդվենք նույն Էրիկ Գրիգորյանի հրապարակած ցուցանիշով, որ 1 հա-ի վրա տնկվում է մոտ 1000 ծառ, ապա 150 հեկտարը պայթի-տրաքի կազմում է 150 000 ծառ, ինչը նախօրոք հրապարակված ցուցանիշին զիջում է 66 անգամ։
ՀԳ. շատ հետաքրքիր է, որ երբ բյուջեի նախագծում դրված և շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած թվերը համադրում ենք, ստացվում է, որ մեկ ծառի ծառատունկն արժենում է մոտ 2750 դրամ կամ 5.8 դոլար։
Հետևաբար 10 մլն ծառի տունկը կարժենա 58 մլն դոլար, ինչը տասն անգամ ավելին է, քան անտառների կառավարմանը հատկացված ողջ գումարն է»։