2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման մասին
Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:
❖ Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020թ հունվարի 1-ից մաքսատուրքերը կբարձրանան մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, դրանցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:
❖ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում փոփոխության ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա։ Ստացված գնահատականը համահունչ է Կենտրոնական բանկի կողմից իրականացված գնահատման արդյունքին։ Համաձայն «Գնաճի հաշվետվության»՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը գնաճի վրա կկազմի 0.5 տոկոսային կետ։