ԿԳՄՍ-ն համոզում է մի բանում, ինչի մասին տվյալներ չունի
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի 11.11.2019թ. հրամանագրով՝ 2020 թվականի հունվարի մեկից 3,5 անգամ ավելի շատ գումար կհատկացվի ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով։ Ուսուցիչների և աշակերտների՝ մի համայնքից մյուսը տեղափոխվելու համար հատկացվելիք գումարի աճից հարց է առաջանում՝ արդյո՞ք համայնքներում դասարաններ կամ գուցե դպրոցներ են կրճատվել։ Հարցի պատասխանը ստանալու նպատակով Panorama.am-ը հարցում ուղարկեց ԿԳՄՍ նախարարություն։
Ի պատասխան մեր «Արդյո՞ք նոր դպրոցներ կամ դասարաններ են կրճատվել, որի արդյունքում ավելի շատ աշակերտներ և ուսուցիչներ են ստիպված մի համայնքից մյուս համայնք գնալ դասերի» հարցի, ԿԳՄՍ-ից մեզ պատասխանել են, որ ծրագրի իրականացումն առնչություն չունի դպրոցների և դասարանների թվաքանակի հետ։
Սակայն մեր մյուս հարցին, թե արդյոք կա վիճակագրություն՝ նախորդ տարվա համեմատ հարևան համայնքում աշխատող և սովորող ուսուցիչների ու աշակերտների թվաքանակը վերե՞լք, թե անկում է ունեցել, ԿԳՄՍ-ից պատասխանել են, որ նման վիճակագրություն չկա. «Փաստացի բնակության վայրից այլ բնակավայրում սովորող և աշխատող դպրոցահասակ երեխաների և մանկավարժների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ Նախորդ և ընթացիկ տարվա ընթացքում մի բնակավայրից մյուս բնակավայր երթևեկող սովորողների և մանկավարժների վերաբերյալ թվային տվյալներ հնարավոր կլինի հավաքագրել ընթացիկ տարվա ավարտին նախորդող ամսվա ընթացքում»։
Այս դեպքում պարզ չէ՝ ինչպես են մեզ վստահեցնում, որ դասարաններ և դպրոցներ չեն փակվել, եթե վիճակագրություն և թվային տվյալներ չկան։
Հետաքրքրական է նաև մեր «Արդյո՞ք կա փորձագիտական վերլուծություն՝ դպրոցահասակ երեխան ֆիզիկապես ունակ է շաբաթական 5 օր 10 կմ և ավելի ճանապարհ հատել և 4-7 45 րոպե դասասենյակում անցկացնել» հարցին տրված պատասխանը, որը, կարծես, գրված էր «Ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում» սկզբունքով։
«Ծրագիրը միտված է հավասար հնարավորություններ ստեղծելուն, կրթությունն ավելի մատչելի դարձնելուն, ինչպես նաև՝ հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փախհատուցման գործընթացը կանոնակարգելուն»,- ասվում է պատասխանում։
Այլ՝ այդ ու նույնիսկ անցյալ դարի մեթոդներ, որոնք հնարավորություն են ունեցել աշակերտներին տալ որակյալ ուսուցում՝ առանց նրանց հոգնեցնելու ճանապարհների վրա՝ ինպես դիտվում է՝ չի դիտարկվում։
Թեկուզ ամենապարզը՝ հեռավար ուսուցումը, որի վրա ևս նախարարությունը գումարներ է ծախսում։
Ի դեպ՝ մի հարց էլ՝ այդ ինչ տրանսպորտ կա, որ փոխհատուցելու են։ Գուցե պետք էր դպրոցական ավտոբուսներ տրամադրել։