Չինաստանից, Ճապոնիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է. Մեխակ Ապրեսյան
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 459 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,4 տոկոսով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ այս թվերը խոսում են զբոսաշրջության ոլորտում դինամիկ զարգացման մասին։
«Սա շարունակական է, բացի 2015 թվականից, ամեն տարի այս ոլորտում ունեցել ենք աճ: Այս տարի նույնպես ունենք, և սա արդյունք է մեր վարած պետական քաղաքականության, հասարակական, մասնավոր հատվածի ջանքերի»,- նշեց նա։
Մեխակ Ապրեսյանն ասաց, որ զբոսաշրջիկների հիմնական հոսքը բաժին է ընկնում Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային, Հայաստանի նկատմամբ նկատվում է նաև հետաքրքրություն արաբական երկրներից, Ֆիլիպիններից, Ճապոնիայից, Սկանդինավյան երկրներից, ինչպես նաև Չինաստանից։ Ըստ նրա՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 40-42 տոկոսով։
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ զբոսաշրջիկների համար Հայաստանը պետք է հետաքրքիր դարձնեն նաև ձմռան ամիսներին: Ըստ նրա՝ թեև այդ ժամանակահատվածում ավելի քիչ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, սակայն ձմռանը ակտիվությունը տարեցտարի ավելանում է։
«Իհարկե Հայաստանում ունենք ձմեռային զբոսաշրջության կենտրոններ՝ Ջերմուկը, Ծաղկաձորը, հիմա սկսել են նաև այցելել Շիրակի մարզ՝ Աշոցք, որտեղ ավելի շատ զարգացած է դուհուկային սպորտը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ձմեռային տուրիզմը միայն դահուկային մարզաձևով չպետք է ավարտվի, անհրաժեշտ է նաև այնպիսի քաղաքականություն վարել, որ տուրիստներն այստեղ անցկացնեն Ամանորը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան