Աշխատանք կա, կադրեր՝ ո՞չ
Մեկնարկեց Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՆՄԿՈՒ) ռազմավարական նպատակները և ցուցանիշները Մարդկային ռեսուրսների զարգացման (ՄՌԶ) միջազգային չափանիշներին համահունչ դարձնելու արդյունքների վերաբերյալ աշխատաժողովը, որի նպատակն է Հայաստանում ՆՄԿՈՒ արդյունավետ ռազմավարության մշակումը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի խոսքով, ծրագիրը Հայաստանին հնարավորություն է տվելՆՄԿՈՒ ռազմավարական պլանավորումը էլ ավելի համապարփակ իրականացնել. «Մենք փորձում ենք մեր ազգային առանձնահատկությունները համադրել միջազգային զարգացման միտումներին։ Հաճախ գործատուները դժգոհություն են հայտնում առ այն, որ շրջանավարտները չեն կարողանում իրենց հմտություններով և կարողություններով բավարարել գործատուների պահանջները, և մենք այժմ կարևորում ենք կրթական համակարգում հաշվի առնել օրինակ՝ որևէ մարզի զարգացման ուղիներն ու հնարավորությունները և այնտեղ իրականացվող ուսուցումն ու մասնագիտությունները համահունչ դարձնել այդ մարզում գործատուների կողմից ներկայացվող առաջարկին։ Մենք ցանկանում ենք հետևել զարգացած պետությունների փորձին»։
Թեև ԿԳՍՄ նախարարությունը հավաստիացնում է, որ փորձում է այնպիսի կրթություն ապահովել, որպեսզի գործատուների պահանջները բավարարվեն, Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը նշում է, որ դեռևս նախարարության աշխատանքը հաջողությամբ չի պսակվել։ Մակարյանի խոսքով, քառամյա ծրագրի կեսից ավելին՝ 3 տարին արդեն անցել է, սակայն տեսանելի արդյունք չկա։
«Այսօր հայկական տարբեր ընկերություններ չեն կարողանում իրենց կադրերը ապահովել, որովհետև այդ մասնագիտությունները, որ ունեն մեծ պահանջարկ, կա՛մ երիտասարդներին չեն հետաքրքրում և նրանք այդ մասնագիտությունները չեն սովորում, կա՛մ պահանջվող մասնագիտությունների մասին ինֆորմացիան բավականին սուղ է։ Վերջերս ինձ բարեգործներից մեկն էր դիմել՝ նշելով, որ մի քանի միլիոն դրամի ներդրում է արել Հայաստանում։ Նա զարմացած էր, որ 10-ից ավելի քոլեջներում և լաբորատորիաներում սովորողներ չկան։ Այսինքն՝ կան ծրագրեր, որոնք ունեն դոնորներ, բայց չկա իրազեկում և հետաքրքրություն։ Մենք պետք է վազենք նրա հետևից, որ արդյունավետ օգտագործվեն բոլոր հնարավորությունները»։
Գագիկ Մակարյանի խոսքով, կադրերի դեֆիցիտը առաջանում է նաև, քանի որ երիտասարդները չեն տիրապետում աշխատաշուկայի պահանջներին, չգիտեն, թե տվյալ մասնագիտությունը ինչ հեռանկարներ կարող է բացել իրենց առջև։ «Երիտասարդները նախընտրում են գնալ ավելի փափուկ, հեշտ աշխատանքի հետևից։ Այդ պատճառով նրանք հիմնականում գնում են ոչ արդյունաբերական մասնագիտությունների հետևից»,- նշեց Գագիկ Մակարյանը։