«Պարոն Պետրոսյանը հազիվ նորմալ նախագիծ ա բերել, էնքան խուճուճ հարցեր տվեցիք»
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի և Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, ներկայացնելով նախագիծը նշեց, որ առաջարկվում է աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»:
Նրա խոսքով՝ գործող օրենքով գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն։
«Չի նշվում, թե ինչ եղանակով է պահանջում, իսկ դա նշանակում է՝ այդ պահանջը կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր: Այս հանգամանքը հիմք ընդունելով, շատ գործատուներ չարաշահում են դա՝ գրավոր բացատրություն չեն պահանջում և աշխատողին հեռացնում են աշխատանքից»,- ասաց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը նշեց՝ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արձանագրված է, որ առանց գրավոր բացատրության աշխատողին աշխատանքից ազատելը համարվում է Աշխատանքային օրենսդրության խախտում:
«Այսինքն՝ ստացվում է, որ կարգապահական տույժը կիրառվում է առանց գրավոր բացատրության»,- ասաց պատգամավորը։
Նա նաև ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունները բխում են և գործատուի, և աշխատողի շահերից։
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, թե ի՞նչ պարտադիր է բացատրություն պահանջելը գրավոր լինի, եթե գործատուն արդեն իսկ որոշել է աշխատողին հեռացնել աշխատանքից. «Դուրս է գալիս այն պատմությունը, որ հարցնում են՝ ամուսնությանը սև հագնե՞մ, թե՞ սպիտակ, ասում են՝ ինչ էլ հագնես, արդյունքում նույնն է ստացվելու»:
Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Պարոն Բագրատյան, նորից եմ ասում, որ նախագծի իմաստն այն է, որ եթե աշխատողը թույլ է տվել կարգապահական զանցանք, և գործատուն մտադիր է նրանից ազատվել կամ կիրառել այլ կարգապահական տույժ, աշխատողն ունի լսված լինելու իրավունք։ Հիմա ես էլի անցնեմ իմ պատկերավոր համեմատություններին, հա ասեցի նորմալ խոսեմ: Օրինակ՝ աշխատողը գալիս է, գործատուն կարող է ասել՝ քո հայացքն ինձ դուր չի գալիս, կեցվածքդ մի քիչ կասկածելի է, աչքերիդ մեջ դավաճանություն եմ տեսնում: Էդ աշխատողը լսված լինելու իրավունք պետք է ունենա, նա պետք է արտահայտվի: Հիմա խնդիրն այն է, որ դատարանում կողմերից որևէ մեկը չի կարողանում ապացուցել, որ նման բան եղել է, եթե այն գրավոր չի եղել: Այս նախագծի իմաստն այն է, որ գործատուն գրավոր պահանջի, որ հետո կասկածներ չլինեն»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ ասաց. «Պարոն Պետրոսյանը հազիվ նորմալ նախագիծ ա բերել, էնքան խուճուճ հարցեր տվեցիք»։
Գևորգ Պետրոսյանն էլ կատակով արձագանքեց. «Զեյնալյան, քո ասա՞ծն ասա՞ծ էր, այսինքն՝ մյուսներն աննորմա՞լ էին»։
Այնուհետև ավելացրեց. «Խնդիրը հետևյալ կանոնով է ընթանում՝ ցանկացած օրենսդրական կարգավորում անել գործատուի և աշխատողի օրինական շահերի զուգակցման սկզբունքով։ Այս կարգավորումը նույնպես դրան է ուղղված: Հետո ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն, կարան և՛ վիճելի լինեն, և՛ անընդունելի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան