Դատախազ Բաղդասարյան. Պաշտպանական կողմը չի ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պատճառով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությանը առարկեցին գործով տուժողների ներկայացուցիչները։
Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը մասնավորապես ասաց, որ բացարկի հիմք չկա, պաշտպանական կողմի ներկայացված հիմնավորումները բացարկի համար հիմք չեն, այլ հարցեր, որոնք քննվելու են դատարանի դահլիճում։
«Ներկայացված հիմնավորումները դատախազին բացարկի արժանի փաստարկ չեն հանդիսանում»,-ասաց նա։
Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ կարծիք հայտնեց, որ ինչպես դատավորի, այնպես էլ դատախազի ինքնաբացարկի համար ներկայացված հիմնավորումները մեկնաբանվում են ի վնաս Ռոբերտ Քոչարյանի։
«Բավարար եմ համարում այս 80 հատորում հավաքագրված ապացույցները՝ արձանագրելով, որ դատախազական հսկողությունն այս առումով եղել է պատշաճ, և բոլոր մեղադրանքների հիմքում դրված փաստերն ու ապացույցներն ապահովել են փաստերի համակցության շեմը»,-ասաց նա։
Անդրադառնալով Յուրի Խաչատուրովի փաստաբանի այն հայտարարությանը, թե դատարանում վեճերն ընթանում են ոչ իրավական հարթության մեջ, Սաֆարյանն ասաց. «Ինձ մոտ տպավորություն է, որ պաշտպանական կողմի փաստաբաններին թվում է, որ իրենք իրավունքի հսկաներ են ու եկել են մեզ դասեր տան։ Ասենք, ես շատ լավ չեմ նայում այդ երևույթին։ Չորս ամիս է՝ չենք կարողանում դատական ընթացքի բնականոն հուն ապահովենք։ Ես գտնում եմ, որ պաշտպանության կողմի բացարկը ենթակա է մերժման»։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ պաշտպանական կողմի փաստարկները հանգում են մի հետևության, որ նրանք չեն ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պատճառով։
«Պետրոս Պետրոսյանը նույն կարծիքը չունի նրանց հետ մեղադրանքի հիմնավարվածության, իրենց ներկայացրած միջնորդությունների հիմնավորվածության վերաբերյալ, առարկություններ է ներկայացրել իրենց հայտնած միջնորդություններին, բողոքներ է ներկայացրել իրենց համար ցանկալի դատական ակտերի դեմ»,-ասաց նա։
Նրա խոսքով, ՄԻԵԴ-ը շատ հստակ արձանագրել է, որ սեփական դատավարական որոշումը մյուսի կողմից չկիսելը չի կարող բավարար պատճառ դառնալ մյուս կողմին վարույթից հեռացնելու համար։
«Սա պատահական չէ, քանի որ հակառակը կհակասեր արդար դատաքննության բաղադրիչներից մեկին՝ մրցակցության սկզբունքին»,-ասաց դատախազ Բաղդասարյանը՝ դատարանից խնդրելով մերժել բացարկի միջնորդությունը։
Պետրոս Պետրոսյանն ասաց՝ չի անդրադառնալու իր անկողմնակալությանը, փաստաբանների հայտարարությունները որակեց դեկլարատիվ։
«Այդ խոսքը մեծ հաշվով բացարկ չէր, ուղղված էր հանրությանը մոլորեցնելուն, որոնք կապ չունեն դատավարության պրոցեսի ու դատարան բերված գործի հետ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյան. Նման դատախազն ընդհանրապես պետք է մեկուսացվի վարույթից
- Դատախազի բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան