Երևանում կան գրեթե 4000 թափառող շներ
Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչներն ահազանգում են, որ թափառող շների ոհմակը երեկ՝ նոյեմբերի 18-ին 197-րդ դպրոցի շրջակայքում հարձակվել է դպրոցահասակ երեխաների վրա։
Քաղաքացիներին թափառող կենդանիների հարձակումից պաշտպանելու նպատակով՝ տարեսկզբին Երևանի քաղաքապետարանը ստեղծեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը՝ վերջինիս հատկացնելով 149 միլիոն դրամ գումար։
Որքանով է արդյունավետ ՀՈԱԿ-ի աշխատանքը, եթե դեռ քաղաքում տեսանելի են կատաղած շների ոհմակները, որոնք ամեն վայրկյան կարող են հարձակվել մարդկանց վրա։ Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։
«ՀՈԱԿ-ը հիմնականում աշխատում է ահազանգերով։ Այսինքն՝ քաղաքացիները ահազանգում են, որ այսինչ հասցեում շների կուտակում կա, և աշխատողները մոտենում են տվյալ տարածքին»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքապետարանի մամուլի խոսնակը։
Վերջինիս խոսքով, մինչ այսօր ստերջացվել և կատաղության դեմ պատվաստվել է շուրջ 2500 շուն։
Թեև Հակոբ Կարապետյանն ասաց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցները գնում են ահազանգերի հետքերով, մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկը նշում է, որ իր ահազանգից մի քանի օր հետո նամակ է ստացել, թե ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրենց կմոտենան, սակայն այդպես էլ չեն մոտեցել։
ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատակիցները ահազանգից 2-3 օր հետո գնում են նշված հասցեով. «ՀՈԱԿ-ը շտապ օգնության ծառայություն չունի, որ ահազանգից հետո մեքենան շտապ օգնության նման բարձրանա էդ հարցով։ Ահազանգը ստանում ենք, ասում են, որ իրենց բակում կան չվնասազերծված թափառող շներ, դա գրանցվում ա մեր մոտ, և հերթով մոտենում ենք նշված հասցեներին։ Էդպես օրական շուրջ 20 զանգ ենք ստանում, ու 2 օրվա ընթացքում մոտենում ենք։ Առաջ տևում էր շաբաթներ՝ կապված զանգերի քանակի հետ»։
Մեր դիտարկմանը, որ այդ 2 օրերի ընթացքում շների ոհմակը կարող էր վնասել մարդկանց, Արմեն Բեգոյանը արձագանքեց՝ իհարկե կա վտանգ. «Պայմանականորեն մենք բարձրանում ենք 9-րդ մասիվ, և էդ ընթացքում մեզ զանգում և ասում են, որ Աջափնյակում նորից ինչ-որ ագրեսիվ վարքագիծ ունեցող շան խնդիր կա։ Իսկ մենք 2 մեքենա ունենք»։
Հարցին, թե կենդանաբանական այգում 3 կենգուրու և 3 մուֆլոն հոշոտած շները նույնպե՞ս ստերջացվել են, Արմեն Բեգոյանը նշեց, որ կենդանաբանական այգին իրենց է փոխանցել 10-11 շուն։ Ի դեպ, կենդանաբանական այգու տարածած հայտարարությունում նշվում էր, որ շները, ամենայն հավանականությամբ, Նոր Նորքից են եկել։
«Կոնկրետ 9-րդ Մասիվում մենք 30 անգամ եղել ենք, բայց էլի չվնասազերծված՝ այսինքն չստերջացված և կատաղության դեմ չպատվաստված շներ մնացել են»,-ասաց նա։
Հավելենք, որ, ըստ Արմեն Բեգոյանի ներկայացրած տվյալների, Երևանում կան գրեթե 4000 թափառող շներ, որոնցից 2400-ը՝ ստերջացված և կատաղության դեմ պատվաստված են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան