«Գիտությունը հրապուրիչ դարձնելը և գիտնականների համար պատշաճ պայմաններ ստեղծելը առաջնահերթություն է»
Նոյեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Տիգրան Ավինյանը կարևորել է ՄԳՏԿ գործունեությունը և հայկական հետազոտական կազմակերպությունների տրամադրած աջակցությունը: Ռոնալդ Լեմանը բարձր է գնահատել Հայաստանի և հայ գիտնականների ներդրումը և ակտիվ գործունեությունը ՄԳՏԿ-ի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության, բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, սեյսմալոգիայի և այլ ոլորտներում կազմակերպության անդամ երկրների հետ հետագա համագործակցությունը:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է կրթության և գիտության ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումները: Նրա խոսքով մարդկային կապիտալի զարգացումը երկրի առաջնահերթություններից է և բարեփոխումների արդյունքներից մեկն է լինելու գիտությունը երիտասարդների համար հրապուրիչ դարձնելը և գիտնականների համար պատշաճ պայմաններ ստեղծելը:
Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ նպատակ կա հավելյալ միջոցներ հատկացնել գիտությանը, որոնք հիմնականում կուղղվեն արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներին: Փոխվարչապետը կարևորել է նաև հետդոկտորական (postdoc), ինչպես նաև արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում դոկտորական ծրագրերի ներդրումը Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան