Իսրայելում Նեթանյահուն և Գանցը չեն կարողացել պայմանավորվել կոալիցիոն կառավարության շուրջ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը բանակցությունների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ Իսրայելում կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ: Իսրայելի նախագահի կողմից կառավարություն կազմելու համար Գանցին տրված ժամկետը լրանում է հինգշաբթի երեկոյան: Այս մասին գրում է kommersant-ը։
Գանցը հանդիպումից հետո գրել է, որ երկրում մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ ընտրություններ անցկացնելը «վատ տարբերակ կլինի»:
«Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել փոխադարձ փոխըմբռնման կառավարություն ձևավորելու համար, ինչպես նաև խուսափելու ավելորդ ընտրությունների, որը դեմ է Իսրայելի քաղաքացիների կամքին», - ասել է Գանցը:
Ըստ Գանցի, Նեթանյահուն պնդում է աջակողմյան կուսակցությունների բլոկի սկզբունքը և զիջումների չի գնում:
Նեթանյահուն էլ Twitter-ում գրել է, որ «Կահոլ-Լավանի» առաջնորդը մերժում է նախագահի ծրագիրն ու միտումնավոր անտեսում ընտրողների մեծամասնությանը:
Տեղական «Haaretz» թերթը, վկայակոչելով աղբյուրներ, ասում է, որ կա երկու հնարավոր զարգացում՝ ազգային միասնության կառավարության ստեղծում կամ Միացյալ Արաբական ցուցակով փոքրամասնության կառավարության ձևավորում: Մեկ այլ տարբերակը՝ նոր ընտրությունները, ըստ հրապարակման զրուցակիցների, քիչ հավանական է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Իսրայելում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որից հետո «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքը խորհրդարանում ստացավ 33 տեղ, իսկ Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը՝ 32-ը: Գանցը չընդունեց կառավարություն կազմելու Նեթանյահուի առաջարկը, որից հետո կառավարություն ձևավորելու մանդատը փոխանցվեց Գանցին։