Սպայկայի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց
«Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 13-ին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10 տոկոսանոց մաքսային զննություն կատարելուց հետո։ Այս մասին հայտնում են ընկերությունից։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր արտադրողը, ուղարկվել էր այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից:
Այդ նույն ընթացքում՝ 17.11.2019թ.-ին, ՀՀ ՊԵԿ աշխատակիցները և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչները այցելել են «Սպայկա» ընկերության պանրի գործարան և մանրամասն ծանոթացել են պանրի արտադրման ողջ գործընթացին՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը:
«Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ ՊԵԿ-ին աջակցության համար, հուսով է, որ խնդիրը մտել է համակարգային լուծման փուլ և ընկերության կապույտ բորբոսով պանրի հաջորդ մատակարարումները ՌԴ հետագայում չեն հանդիպի նման խոչընդոտների»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։