ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին է արժանացել ճապոնացի գիտնականը
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019 թվականին ՀՀ պետական մրցանակին՝ «Global IT Award»-ին, արժանացել է «Origami World» տեսության հիմնադիր, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Նա հայտնեց, որ ճապոնացի գիտնականը Հայաստան կայցելի դեկտեմբերին 3-ին։
«Հուսով ենք, որ գիտնականի այցը Հայաստան բավականին հետաքրքիր և հագեցած կլինի»,- ասաց Հովիկ Մուսայելյանը։
Նշվեց նաև, որ «Հայփոստը» Կանադեի դիմանկարով հատուկ ծրար է պատրաստել, որի հոբելյանական մարումը կլինի մրցանակը հանձնելուց առաջ:
Դեկտեմբերի 4-ին էլ տեղի կունենա համաժողով, որին Տակեո Կանադեն կլինի ամենակարևոր խոսնակներից։ Այցի շրջանակներում ճապոնացի գիտնականը կհանդիպի ՀՀ նախագահի, Գարեգին Բ-ի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան կհանձնի ոսկե մեդալը և մրցանակը, նա հանդիպումներ կունենա նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նախարարի, ուսանողների, Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Պոլիտեխնիկական համալսարանում էլ նրան պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին:
«Յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ինչպիսիք են «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը և այլք: Նրանք մարդիկ են, որոնք աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, որոնք, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ այս գիտնականները մեծ հետք են թողել աշխարհում, բայց նրանք իրենց գործունեությունը սկսելու պահին ոչ մի բանով առավել չեն եղել այն մարդկանցից, հայ երիտասարդներից, որոնք հիմա են սկսում իրենց ստեղծագործ կյանքը: Հակոբ Արշակյանը երիտասարդներին հորդորեց, որ չվախենան իրենց գաղափարներից, չվախենան ձախողվելուց։ «Ձեր գաղափարները «դարակներում» չդնեք, չվախենաք սխալվելուց և իրականացրեք Ձեր գաղափարները»,- նշեց նախարարը։
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ևս կարևորեց միջոցառումը նշելով, որ այս 10 տարիներին կարողացել են այնպիսի մարդկանց հրավիրել Հայաստան, որոնք իրենց ազդեցությունն են թողել համաշխարհային ՏՏ ոլորտում։ նա նույնպես երիտասարդներին կոչ արեց հավատալ իրենց կարողություններին, հավատան իրենց գաղափարներին և ստեղծեն իրենց ճանապարհը։
Նշենք, որ 2018 թվականից այս մրցանակաբաշխությունը վերանվանվել է` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի։ Նախկինում այն կոչվում էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակ։
2010 թվականին մրցանակին արժանացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Մրցանակաբաշխության երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: 2014-ին էլ մրցանակին արժանացել է «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, իսկ 2015-ին այն շնորհվել է «Կասպերսկու լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկիին: 2016թ-ին էլ մրցանակին արժանացել է ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, ինտերնետի և համացանցի նախահայրերից մեկը, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը: 2017 թ-ին մրցանակը շնորհվել է iPod ապրանքանիշի ստեղծող ստեղծող Թոնի Ֆադելը, 2018թ-ին՝ «National Instruments» կորպորացիայի համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: