Մոսկվայում ժամանակավորապես կհայտնվի հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը
«SNKH» ճարտարապետական ստուդիան հաղթել է Մոսկվայի ամենահայտնի՝ Garage ժամանակակից արվեստի թանգարանի կողմից հայտարարված մրցույթում: Թանգարանի դիմացի հրապարակում կառուցվելու է «SNKH»-ի նախագծած ամառային կինոդահլիճը:
Panorama.am-ի հետ զրույցում ճարտարապետական արհեստանոցի համահիմնադիր Աշոտ Սնխչյանն ասաց, որ թանգարանն արդեն երկրորդ տարին է հայտարարում մրցույթ, ներկայացվում են ժամանակավոր կինոթատարոնի նախագծեր: Այդ կինոթատրոնը կառուցվում է ընդամենը մի քանի ամսով՝ մայիսից մինչև հոկտեմբեր, որից հետո ապամոնտաժվում է ու հաջորդ տարվա համար հայտարարվում նոր մրցույթ: Նախորդ տարի միայն Ռուսաստանի տարածքում է մրցույթն անցկացվել, այս տարի մրցույթին մասնակցել են ճարտարապետներ 5 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան: Ներկայացված 136 հայտից ընտրվել է վեց հայտ, որից էլ ժյուրին ընտրել է հաղթողին:
«Առաջին փուլում հայտ ենք ուղարկել՝ ներկայացնելով մեր գործունեությունը, իրականացրած աշխատանքներ: Դրանից հետո ընտրվել է 6 հայտ: Երկրորդ փուլում արել ենք էսքիզային նախագիծ: Ժյուրին ընտրել է մեր նախագիծը»,- ասաց Աշոտը:
Նրա ներկայացմամբ, քանի որ ժամանակավոր կառույց է, կոնցեպցիան այն է եղել, որ հիմնավոր ոչինչ չլինի, այսինքն չլինի այն, ինչ հատկանշական է հիմնավոր ճարտարապետությանը՝ պատեր, խոշոր, կրող կոնստրուկցիաներ:
«Կարճ կյանք ունեցող ճարտարապետություն է, որն իր հմայքն ունի: Այն, ինչ մենք կարող էինք անել այս խնդրի լուծման համար, չէինք անի մշտական կառույցի համար, հենց դրա վրա էինք կենտրոնացել: Ժյուրիին հենց դա է գնահատել, նշել է, որ մեր նախագիծն այդպես տարբերվում է մյուսներից, որն ակնհայտ թեթև ու ժամանակավոր կառույց է, միաժամանակ՝ հիշվող արտաքինով»,- ասաց ճարտարապետը:
Նա նշեց, որ իրենք արդեն աշխատում են նախագծի մշակման վրա, քանի որ կոնցեպցիան էին ներկայացրել, կապի մեջ են թանգարանի հետ: Երբ սկսվեն կինաթատրոնի մոնտաժը, իրենք անպայման պետք է գնան ու հետևեն աշխատանքների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա