Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
Հարևան Իրանում ավելի քան 100 մարդու մահվան պատճառ դարձած անհանգստությունների, դրանց պատճառների, հնարավոր զարգացումների ու հետևանքների, ստեղծված իրավիճակում հայ-իրանական հարաբերությունների մասին Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
Panorama.am -Բողոքի ակցիաները սկսեցին Իրանում բենզինի թանկացումից հետո։ Դա առի՞թ էր, թե՞...
Վարդան Ոսկանյան- Իրականում բենզինի գնի բարձացումն առիթ էր, իսկ պատճառն ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանից արտահանվող նավթի ծավալների կրճատումն է։ Գիտեք, որ այս երկրի բյուջեն զգալիորեն ձևավորվում է նավթի վաճառքից ստացված եկամուտներից, հետևաբար իրանական կառավարությունը եկամուտների կրճատման ֆոնին ստիպված է մտածել այլ ուղիներ՝ երկրի բյուջեն համալրելու ու սոցիալապես անապահով խավերի վիճակը կայուն պահելու համար։
Մյուս կողմից էլ՝ զուտ տնտեսագիտական տեսանկյունից նայելիս ակնհայտ է, որ Իրանում բենզինը սուբսիդավորվում է պետության կողմից, և գները նման ցածր մակարդակում պահպանելն ուղղակի անհնար էր նաև սովորական պայմաններում։ Տեսեք, Իրանի նախորդ նախագահների իշխանության օրոք որոշ փոփոխություններ իրականցվել են, որպեսզի բենզինի գինը համապատասխանի դրա ինքնարժեքին, իսկ ջրի գին ունեցող բենզինով որևէ տնտեսություն երկար շարունակել իր զարգացումը չի կարող։
Բայց կրկնեմ, հիմնական պատճառը ԱՄՆ-ի պատժամիջոցներն են, որոնք միտված են նաև նման սոցիալական բողոքի ալինքեր առաջացնել, որը, ըստ Միացյալ Նահանգների, կարող է բերել Իրանում վարչակարգի փոփոխության։
Panorama.am-Իրավիճակն այս պահին ինչպիսի՞ն է։ Խոսվում է նույնիսկ 200 սպանվածների մասին, տեղական լրատվամիջոցները զոհերի մասի որևէ տեղեկություն հաղորդո՞ւմ են։
Վարդան Ոսկանյան-Զոհերի թվի վերաբերյալ որևէ հստակ ինֆորմացիա չկա։ «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ն է որոշ տվյալներ հրապարակել։ Բայց մենք չգիտենք, դրանք որքանո՞վ են ճշտված, որտե՞ղ և ե՞րբ են այդ զոհերը եղել։ Հիմա բավականին հանդարտ իրավիճակ է, բողոքի որևէ գործողություն չկա, համենայն դեպս դրա վերաբերյալ տեղեկատվություն չկա։ Բայց պետք է նշել, որ Իրանում համացանցը դեռևս անջատված է։
Իրանի պետությունը կարողացավ կառավարել իրավիճակը։ Փորձ էր արվում այդ իրավիճակին տալ քաղաքական ու, որ ավելի վտանգավոր է՝ էթնիկական երանգներ, մասնավորապես շատ դեպքերում մենք տեսանք ապատեղեկատվություն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Թավրիզում զոհերի վերաբերյալ, քրդական լրատվամիջոցներն ու քրդական որոշ քաղաքական ուժեր էլ անընդհատ խոսում են մոտ երկու տասնյակից ավելի քուրդ զոհերի մասին։ Մյուս կողմից էլ Իրանի հարավում՝ արաբներով բնակեցված Խուժաստան նահանգում տեղի ունեցած ցույցերի արդյունքում արաբ անջատողական որոշ շրջանակներ պնդում են արաբ զոհերի մասին։
Դրանք անկնհայտ մեթոդաբանական գործողություններ են՝ ուղղված Իրանի ներսում էթնիկական պառակտում հրահրելուն՝ հաշվի առնելով այս երկրի բազմազգ ու բազմէթնիկ բնույթը։
Panorama.am-Միանշանա՞կ է, որ բողոքի ակցիաներն ունեին սոցիալական բնույթ։
Վարդան Ոսկանյան-Բնականաբար, բուն գործողություններ իրականացնողները հասարակ քաղաքացիներն էին, բայց տեղի ունեցան, հրահրվեցին նաև անկարգություններ՝ բենզակայանի հրկիզումը, բանկերի կողոպուտը, դրանք անպատիժ մնալ չեն կարող։ Ցավոք սրտի, այդ անկարգությունները ճնշելու հետևանքով եղան զոհեր։
Panorama.am-Դուք խոսե՞լ եք իրանցի Ձեր գործընկերների հետ, ի՞նչ կանխատեսումներ ունեն։
Վարդան Ոսկանյան-Այո, խոսել եմ։ Իրականում մենք հաճախ ենք ականատես լինում Իրանում նման բողոքի գործողությունների, նախկինում նույնիսկ ավելի բազմամարդ բողոքներ են եղել։ Իրանական վերլուծական շրջանակների գնահատմամբ, այս բողոքի գործողություններին մասնակցողների թիվը հասնում է մոտ հարյուր հազարի։ Դա ութսուն միլիոն բնակչություն ունեցող երկրի համար առանձնապես մեծ թիվ չէ։ Սակայն բողոքի գործողությունները բավականին մեծ տարածում են ունեցել՝ ընդգրկելով մոտ 22 իրանական նահանգ։ Սակայն իրանական որևէ քաղաք ամբողջովին կաթվածահար չի եղել այդ գործողությունների հետևանքով, դրանք ունեցել են տեղային բնույթ։
Panorama.am-Իրանում այս պահին առկա հանդարտությունը, Ձեր կարծիքով, տևակա՞ն կլինի։
Վարդան Ոսկանյան-Իրանի համար նման ակցիաները կարծեք թե դարձել են «սովորական»։ Իրանի իշխանությունները սովորել են նաև կառավարել այդ գործողությունները։ Մի կարևոր հատկանիշ էլ կուզեի շեշտել. Տեսեք՝ նույն Միացյալ Նահանգների ճնշումը ստիպում է, որ Իրանի ներսում իշխանությունները վախենան գնալու որոշակի զիջումների և առաջնայնությունը մշտապես տրվում է անվտանգությանը։ Սրանով պայմանավորված մենք Իրանում ականատես կլինենք նաև շատ ավելի դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի։
Որքան էլ պարադոքսալ լինի, Միացյալ Նահանգների գորոծողությունները բոլորովին հակառակ ազդեցությունն են թողնում։
Panorama.am-Հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ո՞րը պետք է լինի Հայաստանի խոսքը, դերը։
Վարդան Ոսկանյան-Ակնհայտ է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունների ամրապնդումը, ընդլայնումը բխում է մեր ազգային և պետական շահերից։ Հետևաբար յուրաքանչյուր անկայունություն Իրանի ներսում և լարվածություն այդ պետության շուրջ չի կարող բխել մեր շահերից։ Կարծում եմ, մենք պետք է շարունակենք գործակցել Իրանի հետ՝ փորձելով հնարավորինս արագ իրականացնել երկու պետությունների միջև առկա թե քաղաքական, թե տնտեսական պայմանավորվածությունները։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International
- Իրանը դատապարտում է ԱՄՆ-ին՝ « խռովարար» ցուցարարներին աջակցելու համար
- Իրանագետ. Արևելյան Ատրպատականի նահանգապետը սառը ջուր է լցրել Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի գլխին
- Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր
- Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան