Հայաստանյան շուկայում փոքրացել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը. Տիգրան Ավինյան
ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է և, կարծում եմ, նաև գործով ապացուցել է, որ նոր Հայաստանում տնտեսական գործունեության դաշտն ազատականացված է և բաց։ Այս մասին այսօր «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ այսօր պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել, և տնտեսավարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած գործունեությամբ:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը գործող կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը, իր հերթին, տնտեսության շարժիչ ուժը, ինչը նպաստում է տնտեսական աճին և խթանում նորարարությունը:
«2018 թվականի քաղաքական վայրիվերումների գործընթացում 5.2% տնտեսական աճի ցուցանիշը, և 2019 թ-ին այդ նույն ցուցանիշի 7% լինելը խոսում է հենց այն մասին, որ այս ուղղությամբ իրականացվել են խորքային փոփոխություններ»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ունի կարևոր առաքելություն՝ խրախուսել ազատ և մրցակցային շուկաները։ Ըստ փոխվարչապետի՝ յոթ ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ի կատարած աշխատանքը միանշանակ նպաստել է, որ այդ առաքելությունն ի կատար ածվի։ Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան դրական զարգացումներ և դաշտում հայտնվում են նոր խաղացողներ, փոքրացել է նաև գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում։
«Արձանագրում ենք նաև, որ դեռևս որոշ շուկաներում կան խնդիրներ և, կարծում եմ, որ խնդիրների հիմնական հատվածին լուծումներ տալու համար ՏՄՊՊՀ-ի գործիքակազմը բավարար է»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետը կարևորեց նաև միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ԵԱՏՄ-ի շրջանակում, և հույս հայտնեց, որ լավ հիմքերի վրա դրված այս գործընկերությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և կխորանա։