Իսրայելում ճգնաժամը դասական օրինակ է, ինչպես են անձերի նկրտումները պարալիզացնում գործող համակարգերը․ Արմեն Պետրոսյան
Իսրայելում ավելի է խորանում ներքաղաքական ճգնաժամը. կարծես՝ անխուսափելի է դառնում մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին ֆեյսբուքում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Բանն այն է, որ ո՛չ վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ո՛չ ընդդիմության առաջնորդ Բեննի Գանցը չկարողացան, Իսրայել պետության օրենսդրության համաձայն, իրենց տրամադրված 4-շաբաթյա ժամկետներում կոալիցիոն կառավարություն ձևավորել. երկու մրցակից ճամբարների, նաև մի շարք առանցքային գործիչների միջև առկա են բավական խորը գաղափարական և միջանձնային հակասություններ:
Ստեղծված իրավիճակում Իսրայելի օրենսդրությունը նախատեսում է կառավարություն ձևավորելու վերջին տարբերակը, ըստ որի՝ նախագահն ընտրում է խորհրդարանի՝ Քնեսեթի առավել լայն աջակցություն վայելող պատգամավորներից մեկին և նրան հանձնարարում ձևավորել կոալիցիոն կառավարություն: Իսկ այդպիսի պատգամավորներ կան Քնեսեթում:
Մինչդեռ իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ քաղաքական մրցակցությունն այդ երկրում վերածվել է պարզագույն աթոռակռվի` անգամ անտեսելով պետության համար լրջագույն մարտահրավերների դիմագրավելու օրակարգային անհրաժեշտությունը։
Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը դասական օրինակ է, թե ինչպես կարող են անձերի նկրտումները, ըստ էության, պարալիզացնել բավական արդյունավետ գործող համակարգերը, այդ թվում` քաղաքական, պետության կառավարման»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած տարվա մեջ երկրորդ ընտրություններում Նեթանյահուն ստացել էր Քնեսեթի 32 տեղ, իսկ Գանցը՝ 33։ Կառավարություն կազմելու համար անհրաժեշտ է ունենալ 120 տեղ ունեցող խորհդարանի 61 տեղը։ Իսրայելի նախագահի կողմից կառավարություն կազմելու համար Գանցին տրված ժամկետը լրանում է այսօր երեկոյան:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում Նեթանյահուն և Գանցը չեն կարողացել պայմանավորվել կոալիցիոն կառավարության շուրջ
- Նեթանյահուն չկարողացավ կառավարություն կազմել. ի՞նչ է լինելու
- Իսրայելի նախագահը Նեթանյահուին հանձնարարել է կառավարություն ձևավորել
- Իսրայելի նախագահը Նեթանյահուին ու ընդդիմադիր Գանցին առաջարկում է ձևավորել միասնության կառավարություն
- Իսրայելի ընդդիմադիր Բեննի Գանցը մերժել է Նեթանյահուի՝ կառավարություն կազմելու առաջարկը
- Նեթանյահուն ընդդիմադիր Բեննի Գանցին կոչ է անում լայն կառավարություն կազմել
- Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն չի կարողանում մեծամասնություն ապահովել