Իտալական Ճառօրյայի հետքերով. Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը գրում է.
«Թերթ խմբագրելը, այնուամենայնիվ, ունի մեկ լրացուցիչ ֆիլտր՝ սրբագրիչը։ Թեև նրա գործը տեխնիկական է, բայց դա ֆիլտր է, որը թույլ չի տալիս ամենակոպիտ սխալները դառնան հանրությանը մատչելի։
Պետության խմբագրման դեպքում այդ ֆիլտրը չկա։ Պետությունն այսօր բանավոր խմբագրման ժանրով է կառավարվում և չկա այն «սրբագրիչը» (բանավորի դեպքում տեխնիկապես հնարավոր չէ), որը թույլ չէր տա սխալ և վտանգավոր ձևակերպումների տիրաժավորում։ Սխալ ոչ այնքան պետության համար, դրան արդեն սովոր ենք, այլ հենց՝ հեղինակի։ Իտալական «ճառօրյայի» ընթացքում Փաշինյանն իր անվերահսկելի ձևակերպումներով հասցրեց իր դեմ լարել գիտնականներին և իր համակիր լևոնականներին։
Ֆիլտրի բացակայությունն ամեն խոսքի ժամանակ, իսկ բանավոր երկարաշունչ ելույթներ լինում են գործնականում ամեն օր, բերում է նորանոր կիքսերի, նոր հակառակորդների, նոր հիասթափվածների, նոր համոզմունքի՝ երկրում փոփոխություններ են պետք։
Պետք է շատ հստակ ասել, որ այս տեմպով և այս սխալներով, Փաշինյանը չունի որևէ շանս՝ հերթական ընտրություններին ձգելու։ Սա չի նշանակում, որ հաջորդը երաշխավորված ավելի լավն է լինելու։ Ամենևին՝ ոչ։ Սա նշանակում է, որ մեր երկիրը բաց է ամեն տեսակ ներքին և արտաքին ցնցումների առաջ։ Երկիրը՝ չի լրջանում, «հայկական ժամանակը» արագ է անցնում։
Թվում էր, թե մեկուկես տարին հերիք էր ինքնասրբագրվելու, ինքնախմբագրվելու համար։
Բայց հանգում ենք պոտենցիալի նախապայմանին։ Հերիք կլիներ, եթե լիներ պետական կառավարման կամ գոնե դրա անհրաժեշտության գիտակցման պոտենցիալ։ Ափսոս են նոր իշխանության կարող դեմքերը։ Նրանք բոլորը շատ լավ հասկանում են իրականության ողջ անլրջությունը և վտանգավորությունը, նրանք իսկապես կուզեին հավեսով աշխատել և արդյունք տալ, բայց ստիպված են ենթարկվել ճառի դոմինանտին։ Անկառավարելի ճառի պայմաններում ամեն գործնականը, ամեն ռացիոնալը,ամեն կիրառականը պարտվում է։
Գործը իր տեղը զիջել է փրկչի ճառերին։ Հայաստանում գործ չի արվում, իսկ ճառերն էլ առանց սրբագրման են. ահա թե ինչու այս տեմպերով հերթական ընտրության շանս չկա, իսկ արտահերթ զարգացումների ոչ ոք պատրաստ չէ»։