Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս, քան 15 տարի
Ներման ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու նպատակով, գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը: Մասնավորապես, դրանք կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով սահմանված դեպքերում պատժից ազատման դեպքերը, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել:
Գործող կարգավորումների համաձայն՝ կարող է առաջանալ այնպիսի մի իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր և պատժից ազատվել է օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված՝ առկա իրավական բացի պատճառով:
Օրինակ՝ ներման խնդրագրի քննարկման ժամանակ, երբ դատապարտյալը համաներում հայտարարելու հետևանքով ազատ է արձակվել պատժի կրումից, ապա վերջինիս ներման խնդրագիրը չի քննարկվում, իսկ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքերում այն ընդհանուր կարգով քննարկվում է, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ դատապարտյալն ազատվել է պատժի կրումից, այն մերժվում է: Օրենսդրությունում առկա նման բացը գործնականում լուրջ խնդիրներ է առաջացնում, այն հակասում է հանրային ռեսուրսները խնայելու, դրանք առավել արդյունավետ ծախսելու ընթացակարգին:
Վերոշարադրյալը վկայում է այն մասին, որ անհրաժեշտություն է առաջանում օրենքով նախատեսել ներման խնդրագիրը չքննարկելու և վերադարձնելու գործիքակազմ:
Սահմանվել են ներման խնդրագրերի հետ կապված գաղտնիության ապահովման կարգավորումներ: Կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներում ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Բացառիկ հիմքերի մեջ ներառվել են խնամքին երեխայի առկայությունը, արտակարգ ռազմական իրավիճակը, դատապարտյալի կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգը:
Ցմահ ազատազրկվածների համար նախատեսվել է ներման խնդրագրով դիմելու ավելի վաղ ընթացակարգ: Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս, քան 15 տարի: