Հնարավոր խոշտանգումները կանխարգելու նպատակով՝ ոստիկանությունում հարցաքննությունները կտեսաձայնագրվեն
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով, ոստիկանության ստորաբաժանումներում են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ։
Մասնավորապես, նախատեսվում է, որ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները՝ աշխատասենյակները, կահավորել տեսաձայնագրող համակարգերով:
Ըստ նախագծի՝ 22-րդ հոդվածով էլ հստակեցվում են Ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառմամբ ոչ գաղտնի վերահսկողության ընթացքում այդ մասին բանավոր նախազգուշացման դեպքերը։ Մասնավորապես, ծառայողի կողմից բանավոր նախազգուշացվելու են ոստիկանության ծառայողի հետ անմիջականորեն հաղորդակցվող բոլոր անձինք։
Նախագծի համաձայն՝ նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի:
Համապատասխան տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով պետք է կահավորված լինեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում:
Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար: