«Չի բավարարում քննարկումների ֆորմատը, չկա փիլիսոփայություն, չկա հայեցակարգ»
«Այսօր օրվա վերջ կամ վաղը առավոտյան ստացված առաջարկությունների և քննարկումների արդյունքում լրամշակված նախագիծը կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում»,- «Մեդիա կենտրոնում» «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ. ի՞նչն այն չէ, ինչո՞ւ է ուշանում» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը։
Նրա խոսքով, այս փուլից հետո, ըստ սահմանված կարգի այն կտեղադրվի e-draft կայքում։
ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի կարծիքով՝ նախագծի հարցում շտապողականություն կա. «Պետք է բոլոր քննարկումների արդյունքում բոլոր մտահոգությունները հաշվի առնվեն, հակառակ դեպքում ինչ ենք քննարկում, ինչու ենք մտահոգություն հայտնում, եթե դրանցից հետո հաջորդ օրը պետք է նախագիծը հրապարակվի։ Կարծում եմ՝ նախագիծը կազմել են հինգ-տասը հոգի, բայց քննարկմանը մասնակցում է գիտակրթական գրեթե ողջ համակարգը»։
Կատվալյանը նշեց, որ անպայման պետք է հաշվի առնել գիտակրթական ողջ հանրության կարծիքը։
Ինչ վերաբերում է կոնկրետ «Հայոց լեզու» առարկայի դասավանդմանը բուհերում՝ Լեզվի ինստիտուտի տնօրենն ասաց. «Լեզվի մասին օրենքում գրված է, որ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է բոլոր բուհերում։ Հաճախ ասում են՝ ինքնավարություն ենք տալիս, պարտադրանքը հանում ենք, այստեղ ոչ մի պարտադրանք ես չեմ տեսնում, խոսքը պետության կողմից հայոց լեզվի արժևորման մասին է։ Ըստ երևույթին՝ հաջորդ քայլը լինելու է Լեզվի մասին օրենքի փոփոխությունը»։
Ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանն էլ նշեց. «Ես ընդունում եմ փոփոխությունների անհրաժեշտությունն ու կարևորությունը, դա չեմ վիճարկում, բայց որպես կոնկրետ շահառու ուզում եմ տեսնել առաջարկի գիտական փաստարկվածությունը, որը չեմ տեսել, չեմ տեսել նաև ամենակարևոր կապերից մեկը, որ կրթությունը, որպես բազմակոմպոնենտ բաղադրիչ, հանրակրթությունը, բուհական ու հետբուհական կրթությունը։ Մեկ ու կես տարվա ընթացքում ոչ բուհական համակարգում, ոչ հանրակրթության համակարգում փոփոխությունների արագությունը ինձ բացարձակ չի բավարարում, և չի բավարարում քննարկումների ֆորմատը, չկա փիլիսոփայություն, չկա հայեցակարգ»:
Նա նշեց, որ իր ներկայացրած առաջարկը հետևյալն է՝ օրենքը, անկախ բովանդակությունից, այս փուլում ընդունելը ժամանակավրեպ է, քանի որ ճգնաժամի մեջ գտնվող երկու համակարգերը պիտի գնան առողջացման. «Պիտի լինի պիլոտային, փորձարկումների փուլ, դրանից հետո երբ բոլորս միասին կչափենք արդյունավետությունը, խնդրեմ, քննարկենք օրենքը»։
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Վահագն Հակոբյանն ասաց. «Մի տեսակ տհաճ տպավորություն եմ ստացել քննարկումների ընթացքում բոլոր կողմերից, նկատել եմ քաղաքական ենթատեքստ, անձնավորում, պաթոս։ Այսպիսի հարցերի քննարկումը այս մակարդակի չպետք է լինեին»։
Անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկային՝ դոցենտն ասաց. «Մի մասը պատմությունը դիտում են քարոզչամեքենային կից ինչ-որ մի բան, մի մասը՝ որպես թվերի, անունների, իրադարձությունների մեխանիկական շարք, բայց պատմագիտության և հայոց պատմության դասավանդման նշանակությունը իմաստային ընկալումներ բերելն է ու առողջ պատմական գիտակցության ձևավորումը սերունդների մոտ»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի պաշտոնակատարից դիրքորոշում՝ Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ
- ԿԳՄՍ-ն համոզում է մի բանում, ինչի մասին տվյալներ չունի
- ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- «Միանգամայն անընդունելի է ազգային լինելության գրավական հայոց լեզվի դեմ ոտնձգության նախատեսումը». հայտարարություն
- ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան