1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարաններ ձեռք բերելու վկայագրեր կտրամադրվեն
ՀՀ կառավարություն այսօր հաստատեց 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները։
Ըստ 2013թ. իրականացված հաշվառման տվյալների վերոգրյալ առաջնահերթ ծրագրի շրջանակներում 895 ընտանիքներ, որոնցից 641-ը Երևան քաղաքում և 254-ը մարզերում համարվում են առաջնահերթ կարիքավորներ: Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը նպատակահարմար է համարվել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է:
«Տվյալ փուլում առաջնորդվել ենք ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են»,- նշեց Բագրատ Բադալյանը:
Բնակարանների վկայագրերի տրամադրումն իրականացվելու է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս պարտավորությունը պետությունը ստանձնել է դեռևս շատ վաղուց և 10-11 տարի այս ուղղությամբ որևէ բան չի իրականացրել։
«Ես նույնպես հանդիպել եմ այդ ընտանիքների ներկայացուցիչների հետ և բավականին ծանր պայմաններում են նրանք ապրում։ Կարծում եմ՝ փուլ առ փուլ այս բոլոր խնդիրները և հին պարտքերը պետք է մարենք»,- ասաց փոխվարչապետը։
Նշվեց նաև, որ այդ խնդրի լուծման համար կհատկացվի շուրջ 1.5 մլրդ դրամ։