Հայ գիտնականները մասնակցել են գամմա բռնկումից գերբարձր էներգիաների ֆոտոնների գրանցման աշխատանքներին
«MAGIC» պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգը առաջին անգամ գամմա-բռնկումից (Gamma-ray Bursts) գրանցել է գերբարձր էներգիաների ֆոտոնններ: Գամմա-բռնկումները կարճատև հզոր ճառագայթման աղբյուրներ են, որոնք առաջանում են հեռավոր գալակտիկաներում մեծ զանգվածով աստղերի պայթյունից կամ նեյտրոնային աստղերի միաձուլումից:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ այս գրանցումը բոլորովին նոր պատկերացում է տալիս գամմա-բռնկումներում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսների մասին, որոնք առայժմ անհայտ են: Հետազոտության արդյունքները երկու հոդվածների տեսքով հրապարակվել են հեղինակավոր «Nature» ամսագրում:
«Nature» ամսագրում տպագրվում են ժամանակակից ամենակարևոր գիտական հետազոտությունների և հայտնագործությունների վերաբերյալ հոդվածներ, ամսագիր, որի 2018թ. ազդեցության գործակիցը կազմում է 43.1:
Հունվարի 14-ին GRB 190114C գամմա-բռնկման առաջացումից 50 վայրկյան անց այն ուսումնասիրվել է «MAGIC» hամագործակցության Լա Պալմայում տեղադրված երկու 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակներով: Առաջին տասնյակ վայրկյանների ընթացքում գրանցված տվյալների մշակման արդյունքները ցույց են տալիս, որ գրանցված ֆոտոնների էներգիան հասնում է տեռաէլեկտրոն-վոլտի (ՏէՎ), այսինքն, նրանց էներգիան գերազանցում է տեսանելի լույսի ֆոտոնների էներգիան տրիլիոն անգամ: Այդ ժամանակահատվածում GRB 190114C-ից ճառագայթած ֆոտոնների լուսատվությունը 100 անգամ գերազանցում էր ՏէՎ տիրույթում գրանցված ամենապայծառ աղբյուրի՝ խեցգետնաձև միգամածության լուսատվությանը, ինչի հետևանքով GRB 190114C գամմա բռնկումը դառնում է ՏէՎ տիրույթում ֆոտոնների ճառագայթման ռեկորդային պայծառ աղբյուր:
Առաջին անգամ «MAGIC» համագործակցության կողմից GRB 190114C գամմա բռնկումից ՏէՎ ֆոտոնների գրանցումից հետո այն մանրամասն ուսումնասիրվել է տասնյակ դիտակներով, ինչի արդյունքում ստացվել է նրա ճառագայթման ամբողջական պատկերը ռադիոյից մինչև ՏԷՎ էներգետիկ տիրույթներում: Օպտիկական տիրույթում ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ այս գամմա բռկումը առաջացել է գալակտիկայում, որից լույսը մեզ է հասնում 4.5 միլիարդ տարվա ընթացքում:
«MAGIC» միջազգային համագործակցության լիիրավ անդամ են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան: «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը տեղի է ունեցել Երևանում սույն թվականի հունիսի 24-ից 28-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան