Խոսրովի արգելոցի անարգել մուտքերն ու մինչև վանդալիզմ հասնող հետևանքները
Օրեր առաջ Խոսրովի արգելոցի Խաչաձորի տեղամասի Մանկունք կոչվող հատվածում անհայտ անձինք տեղաշարժել են V-XVII դարերի խաչքարերն ու քանդել են գերեզմանները։ Դեռևս հայտնի չէ՝ գանձագողության թե այլ նպատակ է հետապնդել այդ քայլը։
Խոսրովի պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը նշում է՝ առաջին անգամ է նման դեպքի ականատես լինում. «Մենք հիմնականում հսկում ենք, որ ապօրինի ծառահատումներ, կենդանիների և ձկան որս չլինի, բայց ում մտքով կանցներ, որ սարի գլխին մարդիկ կարող են բարձրանալ և գերեզման քանդել։ Էդ հատվածում քանի որ ծառատեսակներ չկան, մենք ամենօրյա հսկողություն չենք իրականացնում։ Մեքենաների համար ճանապարհը փակ ա, մի քանի տեղով արգելափակոցներ ունենք։ Միանշամակ ձիով կամ ոտքով են բարձրացել սարը, ինչն էլ կարող էր անել միայն տարածքին քաջատեղյակ մարդը։ Խաչաձորի տեղամաս արգելոցի ծառայողական մեքենաներով հնարավոր է հասնել 1 և կես ժամում, որի ընթացքում պետք է բացել 4 արգելափակոցներ, ինչի հնարավորությունը միայն արգելոցի աշխատակիցներն ունեն։ Իսկ տեղամասից ոտքով Մանկունք բարձրանալը բավականին բարդ խնդիր է. չորացած սեզով պատված լեռ բարձրանալու համար պետք է ճիշտ ուղի ընտրել, հակառակ դեպքում սայթաքելու և անդունդում հայտնվելու վտանգը շատ մեծ է։ Տեղանքին անծանոթ մարդը քիչ հավանական է, որ այս ամենն իմանա։ Վերոնշյալ վարկածները մի կողմ թողնելով՝ նշենք, որ արգելոցի տարածք մուտքը, թերևս ոչ բոլորի համար է արգելված»։
Հարցին, թե արգելոցի տարածքում հսկողություն իրականացնող աշխատակիցներին բացի ովքե՞ր կարող են անարգել մուտք գործել Խոսրով, Հրաչյա Հովակիմյանն ասաց՝ կան հատվածներ, որոնք պատկանում են համայնքներին և օգտագործվում որպես արոտավայր։ Վերոնշյալ խնդիրը առկա է արգելոցի բոլոր՝ և՛ Ջրնգյոիլ, և՛ Գիրանլարի և թե Ալմալաղի տարածքներում։
«Անտառի սրտում սեպաձև խրված են համայնքին պատկանող տարածքները։ Այդ հատվածները համայնքները վարձակալությամբ տալիս են անասնատերերին, վերջիններս էլ գալիս են և ամռան ընթացքում բնակություն հաստատում այստեղ։ Մենք իրավունք չենք ունենում նրանց ել ու մուտը արգելելու։ Արդյունքում՝ երբեմն գրանցում ենք արգելոցի տարածքում կենդանիների արածեցման կամ ծառերի ապօրինի հատման դեպքեր։ Տուգանում ենք էդ մարդկանց, բայց միևնույն ա՝ էդ մարդկանցից ամենաշատը արգելոցն ա տուժում»,- նշում է Հ. Հովակիմյանը։
Արգելոցի տնօրենի խոսքով, խնդիրը տասնյակ տարիներ բարձրաձայնվում է, սակայն կառավարության կողմից դեռևս արձագանք չի եղել, արդյունքում՝ արգելոցը չունի միասնական կադաստրային քարտեզ։
«Արդեն տասնյակ տարիներ էս հարցը քննարկվում ա, հասնում ա մարզպետարան և էնտեղ վերջանում ա։ Քանի որ մարզպետարանը համայնքապետերից հարցում ա անում, վերջիններս էլ չեն ուզում, որ էդ տարածքները հանձնվեն արգելոցին։ Իսկ եթե հարցը հասնում ա նախարարությանը, աշխատանքային խմբեր են ստեղծվում ու գործը լռում ա։ Հիմա նախարարը հանձնարարել ա, որ անտառային տարածքների մոնիտորինգ անեն, սպասում ենք արդյունքներին։ Մենք հույս ունենք, որ կհասնենք նրան, որ կառավարությունը էդ արոտավայրեր համարվող տարածքները պետության սեփականություն կհամարի և մենք կկարողանանք միասնական հսկողություն իրականացնել։ Ցաք ու ցրիվ ա՝ մեկ Խոսրովի տարածքն ա, մեկ՝ համայնքի։ Անհնար ա էդտեղ ամբողջական հսկողություն իրականացնել»,- ասաց տնօրենը։
Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանի խոսքով, տարածված կարծիք կա, որ Մանկուք գյուղատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գանձեր կան թաքնված, և հավանաբար գերեզմանը քանդվել է գանձ գտնելու նպատակով։ Սակայն, պետք է նշել, որ հողից միայն ոսկորներ էին դուրս բերվել, որոնք թողնվել էին տեղում։
«Բայց այստեղի գանձերը 20-ից ավելի 9-12-րդ դարերի խաչքարերն են։ Լավ է, որ դեպքի պատճառով որևէ խաչքար չի վնասվել, միայն հողահանման ընթացքում խաչքարը հողով է պատվել»,- նշեց Ռոման Կարապետյանը։
Թեև փորված գերեզմաններից գանձ դուրս բերել չի ստացվել, սակայն տարածքում գտնվող 6 տեսախցիկներից 5-ը գանձագողերի աչքից չի վրիպել։ Հ. Հովակիմյանը վստահցենում է՝ շուտով ամեն ինչ պարզ կդառնա, քանի որ անտառի տարածքը ուղիղ հեռարձակմամբ շուրջօրյա հսկվելու է. «Քանի որ անտառի տարածքում կապ չկա, փոքր-ինչ բարդ ա տեսախցիկներով հսկելը, բայց շուտով էդ հարցն էլ ա լուծվելու։ Տարբերակ ենք գտել, որ անտառի տարածքում կապ ապահովենք և կարողանանք հսկողություն իրականացնել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան