Հայ կին ռեժիսորներն ավելի շատ նախընտրում են խոսել ընդհանուր խնդիրների մասին
Երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնը համագործակցում է տարբեր երկրների փառատոների հետ, միաժամանակ փորձում ընդլայնել համագործակցության աշխարհագրական քարտեզը: Panorama.am-ի հետ զրույցում «Կին» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Մարիամ Օհանյանն ասաց, որ համագործակցում են կանադական «Կանացի հայացք» փառատոնի հետ, երրորդ տարին է փառատոնի տնօրենը գալիս է Հայաստան, ներկայացնում կանդական ֆիլմերի ծրագիրը:
«Մենք ցանկանում ենք շարունակել այդ ավանդույթը: Իրենք էլ իրենց հերթին իրենց փառատոնում ներկայացնում են մեր հայ կինոռեժիսորների ֆիլմերը: Այս գարնանն էլ պետք է ցուցադրեն»,- ասաց նա:
«Կին» միջազգային 16-րդ փառատոնը կայացել է նոյեմբերի 11-15-ը: Այս տարի կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել է 13 երկրից ընտրված 65 ֆիլմ, որոնք ընդգրկվել էին փառատոնի ծրագրերում՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, հյուրերի, Բրիտանական խորհրդի «Իրականությունից կնոժապավեն» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի, Կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիմերի: «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Սոֆի Մարթինի (Ֆրանսիա) «Ցատկը», հատուկ մրցանակի է արժանացել ռեժիսոր Ռոզելլա Բերգոյի (Իտալիա) «Ֆլորինդո և Կարլոտտա» ֆիլմը, տրվել են նաև դիպլոմներ:
Մ. Օհանյանի խոսքով, կարող է «Կին» փառատոնը շատ հայտնի չէ հասարակության շրջանում, բայց ունի իր հանդիսատեսը, որը տարեցտարի ավելանում է:
«Այս տարի ցուցադրել ենք հայտնի ռեժիսորների ֆիլմեր, որոնք դեռ միայն մեր փառատոնում են ներկայացվել: Հաճախ մրցութային ծրագրում կարող է չլինեն շատ հայտնի անուններ, բայց լինեն շատ լավ ֆիլմեր: Ռեժիսորներ են, որոնք ստեղծագործում են, դեռ չեն հասել իրենց մեծ համբավին, բայց ճանապարհին են ու շատ հավանական է, որ 5-10 տարի հետո շատ հայտնի դառնան, ու մենք ասենք՝ մեզ մոտ վաղուց են ցուցադրվել նրանց ֆիլմերն ու մրցանակի արժանացել»,- ասաց նա:
Մ. Օհանյանը նշեց, որ այս տարվա գարնանը փառատոնի շրջանակում կազմակերպել էին սցենարիստների դասընթացներ, որի նպատակն էր վերհիշել մոռացված հայ կինոարվեստագետներին:
«Գերմանացի սցենարիստ էր եկել, անցկացրեց դասընթացներ, մասնակցում էին ռեժիսորներ, սցենարիստներ, արվեստաբաններ: Նրանք սովորեցին ու պատրաստեցին սցենարներ: Փառատոնի փակման ժամանակ Գյոթե ինստիտուտի տնօրեն Նաթիա Միքելաձեն հայտարարեց հաղթողների անունները, որոնց հետ հետագայում աշխատանք է տարվելու, որպեսզի ֆինանսավորվեն այդ ֆիլմերն, ու մենք ունենանք կինոալմանախ հայ կին արվեստագետների մասին, որոնք, իրոք, պատմականորեն շատ են, բայց քչերին է հայտնի նրանց անունները: Կարևոր է, որպեսզի մենք չմոռանանք այդ կանանց, որոնք հերոսական կյանք են ունեցել, բոլոր դժվարությունների հետ մեկտեղ կարողացել են ստեղծագործել, դեր խաղալ մեր մշակույթի մեջ»,- ասաց փառատոնի տնօրենը:
Ինչ վերաբերում է հայ կին ռեժիսորներին, Մարիամ Օհանյանն ասաց, որ շատ լուրջ զարգացում է տեղի ունենում, տարեցտարի ոչ միայն ավելանում են, նաև նրանց ֆիլմերի որակն է բարձրանում:
«Բավականին ակտիվ են, նույնիսկ կարողանում ենք ավելի խիստ ընտրություն անենք: Լուրջ փոփոխություններ կան»,- նշեց նա:
Նրա խոսքով, հայ կին ռեժիսորները, որպես օրենք, իրենց ֆիլմերում շատ չեն անդրադառնում կանանց խնդիրներին, ավելի շատ նախընտրում են խոսել ընդհանուր, սոցիալական խնդիրների մասին: Նրանք ավելի շատ ստեղծում են վավերագրական ֆիլմեր, քան խաղարկային, որովհետև ֆինանսական առումով ավելի հեշտ է նկարելը:
«Հայաստանում առկա բոլոր հարցերը, խնդիրներն իրենց հուզում են, իրենք ավելի գլոբալ են նայում այդ խնդիրներին: Սպասում եմ, թե երբ կլինեն հեղինակային ֆիլմեր: Ընթացք է, ամեն մեկն ինչ-որ ձևով զարգանում է, աճում է»,- ասաց Մարիամ Օհանյանը: