Նիկոլ Փաշինյան. Մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում
Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք «ոչ մի բանի առաջ չեն կանգնելու»:
«Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը: Իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին՝ րոպե առաջ, որովհետև վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար: Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը: Մեր օրոք այդպիսի իշխանություն և այդպիսի իրավիճակ չի լինելու»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ 1996 թ. սեպտեմբերի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ վերընտրընտրվելը վիճահարույց էր՝ ըստ հրապարակված տվյալների ստացել էր քվեների 51.75%-ը։
Վարչապետ Փաշինյանը խիստ պնդեց, թե՝ իրենց հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության:
«Մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց այն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մենք ուզում ենք, որ մենք ճեղքենք և հաղթահարենք այդ վախը
- Միլանում Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերը» հատուկ ծառայություններից է