![](https://panorama.am/news_images/734/2199888_1/f5dd64d49c9dfc_5dd64d49c9e39.thumb.jpg)
Կառավարությունը սահմանեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը
Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ նշեց, որ այս կարգի սահմանման նպատակը նշված գործունեություններն օրենքի դաշտ տեղափոխելն է:
Նրա խոսքով՝ նախագծով փորձ է արվում այս կարգի ընդունմամբ կանոնակարգել Սևանա լճում խեցգետնի և սիգի հաշվառման, վերարտադրության և որսի կազմակերպման հարաբերությունները:
«Առաջին անգամ է նման կարգավորում տրվում, և այս կարգավորմանը տալուն զուգահեռ ևս այլ օրենսդրական նախաձեռնություններ ունենք: Նպատակն այն է, որ սահմանվեն հստակ կանոններ, և հստակորեն ժամանակահատվածը, տեսակները, թե ինչպես է իրականացվելու որսը, և այս գործունեությունը փորձենք տեղափոխել օրինական դաշտ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։
Հիմնավորման համաձայն՝ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։
Ներկայումս կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման ոլորտը կարգավորվում է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով։
Սակայն հաշվի առնելով Սևանա լճի առանձնահատկությունները կարելի է փաստել, որ գործող իրավական ակտերը լիարժեք չեն կարգավորում Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման գործընթացները։
Լրահոս
Տեսանյութեր
![Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին](https://panorama.am/video_images/18/53925_1/capture.thumb.jpg)
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին