Ո՞ւր կորավ կլոր դդումը կամ Հայաստանում դդումը ռեկորդ է գրանցելու
Հայաստանյան խանութներում կլոր դդումներին փոխարինելու են եկել երկարները։ Ղափամայի համար դդում փնտրող տանտիրուհիները զարմացած են՝ ինչո՞ւ այդ տեսակը դարձավ դժվար ճարվող։
Ագրարային համալսարանի բուսաբուծության ու հողագործության ամբիոնի պրոֆեսոր, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Անդրեաս Մելիքյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում աճում է դդումի երեք տեսակ՝ սովորական, ամրակեղև, մուսկաթային։
Վերջինը դեղին է, պոչի հատվածում երկարավուն, հում վիճակում կարելի է ուտել։ Ամրակեղև կամ կարծրակեղև դդումին են պատկանում հին հայկական սորտերը։
«Ղափամայի համար օգտագործվում է մեր տեղական ամրակեղև դդումը, որի պատերը շատ ամուր են։ Հենց այդ տեսակից են պատրաստել ավանդական ճաշատեսակը։ Մուսկաթայինից չեն կարող պատրաստել, քանի որ դրա կեղևները շատ արագ կլխկվեն։ Մուսկաթային տեսակը կարելի է ուտել նույնիսկ առանց եփելու, մինչդեռ ամրակեղև դդումն առանց եփելու ուտել հնարավոր չէ։ Այդ տեսակից նաև լավագույն մուրաբաներն են պատրաստում, նույնիսկ հնում դոշաբ են պատրաստել»,-մանրամասնեց գիտնականը։
Թե ինչու է ամրակեղև դդումը շուկայում քիչ, գյուղատնտես գիտնականը, հետազոտություններ չունի, բայց ներկայացնում է սուբյեկտիվ ենթադրություն. «Բերքատվությունը համեմատաբար քիչ է, բույսի վրա մի քանի պտուղ է լինում, ուշ են հասունանում, պահանջարկն էլ քիչ է։ Զուտ սուբյեկտիվ ու պահանջարկի խնդիր»։
Ա. Մելիքյանը կարծում է, որ Հայաստանում մուսկաթային տեսակի լայն տարածումը պայմանավորված է նաև լայն պրոպագանդայով։ Իրականում ամրակեղև դդումը շատ ավելի վաղուց է աճում Հայաստանում, հարմարված է բնակլիմայական պայմաններին, այն հիմնականում մշակում են Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում։ Ամրակեղև դդումն ունի տեղական ծագման պոպուլյացիաներ քաղելուց հետո չոր պայմաններում երկար պահպանվում են։
Պրոֆեսորի խոսքով, այս պահին Հայաստանում դդմի սելեկցիայով համարյա չեն զբաղվում, հիմնականում դրսից բերված սորտերն են տեղայնացնում ու բարելավում, սակայն դրանց չեն նախորդել հետազոտություններ։
«Նման նպատակ էլ չկա, դրսից բերված սորտերը վատը չեն, տեղայնացվում են, ով ցանկանում է մշակել, դրսից է բերում»,-նշեց գիտնականը։
Ի դեպ, Հայաստանում սովորաբար դդումի ցանքատարածություններ չեն եղել, մարդիկ սերմը ցանել են իրենց բանջարանոցի անկյուններում կամ հարակից շինությունների պատերի տակ, որպեսզի թուփը վեր մագլցի ու շատ տարածք չզբաղեցնի։
«Բայց վերջին տարիներին մուսկաթային տեսակը սկսեցին աճեցնել դաշտերում, ինչպես ձմերուկը կամ սեխը, քանի որ նաև դդումի սերմերի նկատմամբ պահանջարկն է ավելացել։ Նույնիսկ սերմերը մթերում են։ Զուտ շուկայի խնդիր է, շուկան ինչի պահանջարկ ունի, մարդիկ այն էլ մշակում ենք»,-նշեց համալսարանի պրոֆեսորը։
Գյուղատնտես, «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Հայկ Մելքոնյանն այս տարի Կոտայքի մարզի Արագյուղի 500 քմ տարածք հողամասում փորձնական դդում է աճեցրել։ Համայնքը Ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա է գտնվում, այսինքն՝ նախալեռնային գոտի է։
Սերմերը բերել է Հոլանդիայից։ Գյուղատնտեսը բույսերը սնուցել է օրգանիկ նյութերով՝ նաև գոմաղբով, քիմիական պարարտանյութեր կամ թունանյութերի չի օգտագործել։ Բերքից գոհ է, կես տոննա դդումն արագ սպառել են բուսակերներն ու փոքրիկներ ունեցող ծնողները՝ երեխաներին ապուրներ ու շիլաներ պատրաստելու համար։ Տեղական սորտեր աճեցնել չի պատրաստվում՝ դա թողնելով տարիներով այդ գործում փորձ ձեռք բերած ու իրենց ձեռքով սերմեր վերցրած ֆերմերներին։
«Մտածում եմ, որ նոր սորտերն ու համերը հետաքրքիր կլինեն։ Ունեի և փոքր դդումներ, և բավականին խոշոր դդումներ։ Տեսակներից մեկը կոչվում է Հոկկայիդո՝ ճապոնական քաղաքի անունով։ Ես մտադիր էի աճեցնել ոչ ավանդական մշակաբույսեր, որ շուկայում տարբերվեն մյուսներից։ Համային որակներով էլ շատ տարբեր են, օրինակ փոքր դդումիկներն ավելի շատ կաշտանի համ ու բույր ունեն։ Ունենք փոռավոր տեսակի դդումներ, որոնք հասնում են մոտ 20 կգ-ի, դա էլ Ֆրանսիայում շատ տարածված տեսակ է»,-մանրամասնեց Մելքոնյանը։
Նա մտադիր է հաջորդ տարի ցանքատարածություն ընդարձակել, նոր տեսակներ աճեցնել։
«Եկող տարի ուզում եմ ռեկորդի գնամ ու աճեցնեմ Հայաստանի ամենամեծ դդումը։ Ատլանտիկ գիգանտ անունով սորտեր կան, որ մինչև 300-400 կգ քաշ են հավաքում՝ նայած ինչ պայմաններում կաճեն։ Արդեն ԱՄՆ-ից սերմերը պատվիրել եմ, եկել են, ԱՄՆ-ում այդ սորտի դդումը լինում է նույնիսկ 600-700 կգ։ Այս տարի իմ աճեցրած փոքր դդումները կշռում են 1-1.5 կգ, բայց ամեն թփի վրա 15-20 հատ լինում է, դրանք նաև վաղահաս են, հուլիսի սկիզբ ես արդեն վաճառքի դդում ունեի»,-ասաց գյուղատնտեսը։
Նրա խոսքով, դդումով բազմաթիվ առողջ ու սննդարար ճաշատեսակներ կան, որոնք Հայաստանում լայն տարածված չեն, դրանով է պայմանավորված դդումի ցածր պահանջարկը։ Անցած տարի Շիրակի մարզում 500 տոննա դդում աճեցրած գյուղատնտես ընկերը, ըստ Մելքոնյանի, չի կարողացել այն վաճառել, դարձրել է անասնակեր, միայն սերմերն են կարողացել իրացնել։