«Խառը զգացմունքներ»՝ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի կատակերգությամբ, որի բեմադրությունն իրականցրել է ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից:
Ռ. Բայերի պիեսները բեմադրվել են Բրոդվեյում, իսկ նրանց սցենարների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր: «Խառը զգացմունքներ» պիեսը երկու միայնակ մարդկանց մասին է: Կինը կորցրել է ամուսնուն, տղամարդը` կնոջը: Դեռ երեկ ընտանիքներով ընկերություն էին անում, իսկ այժմ միայնակ են: Նրանք ցանկանում են կրկին զգալ կյանքի համը: Եվ չնայած ներկայացման ընթացքում հերոսները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ հաշտվում…
«Խառը զգացմունքներ» պիեսը շատ մարդկային նյութ է, փոքր-ինչ սենտիմենտալ: Այն սիրո մասին է, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ինքը ինչ-որ մեկին պետք է, որ միայնակ չէ:
Ներկայացման մեջ ներգրավված են ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Բալանդինան և Արման Ղազարյանը, ինչպես նաև դերասաններ Գրիգորի Կիրակոսյանն ու Անտոն Աղաջանյանը:
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, կոմպոզիտորը՝ Մարինա Բրուտյանը, խորեոգրաֆը` Նունե Կիրակոսյանը:
Ներկայացումը բեմում կլինի նոյեմբերի 22-ին և 23-ին: