«Իրատես». «Երիտասարդական» խորհրդարանը հիմնականում վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ծափահարում
«Իրատես» թերթը գրում է. «7-րդ գումարման Ազգային ժողովին պատմությունը մի քանի անուն կարող է տալ՝ երիտասարդական, քայլածների, մերժողների կամ էլ ծափահարողների: Այնպես չէ, թե նախկինում խորհրդարանը չի ծափահարել, բայց իշխանափոխությունից հետո օրենսդիր մարմին եկածներն ամեն մի «հուզիչ» ելույթից հետո ծափ տալուց չեն կաշկանդվում: Եթե նախկինում պատգամավորները ծափահարում էին իրենց հյուրընկալած աշակերտներին, ուսանողներին կամ օրվա հոբելյարին, ապա «երիտասարդական» խորհրդարանը հիմնականում վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ծափահարում:
Մեզ՝ լրագրողներիս համար երևույթը խորթ է, ըստ տրամաբանության՝ քաղաքական գործիչների ելույթներից, հարցուպատասխաններից ոչ թե ոգևորվել, այլ դատողություններ անել է պետք: Նորեկները, փաստորեն, իրենց առաջնորդի ասածը ոչ թե ի գիտություն են ընդունում, այլ որպես անվերապահ ճշմարտություն և հայտնում իրենց համաձայնությունը նրա ամեն մի ասածին:
«Կարծես մանկապատանեկան ակումբ լինի, ամեն մի խոսքից հետո ծափահարում եք»,- ասացինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: «Իսկ մանկապարտեզում ինչու՞ են ծափահարում երեխաներին»,- հարցին հարցով պատասխանեց նա: «Որ ոգևորվի երեխան, իմանա՝ կարող է, արժանի է և այլն»,- նշեցինք: «Այ հենց այդ նույն տրամաբանությամբ մենք ենք ծափահարում պարոն Փաշինյանին, որ իմանա՝ մենք իր կողքին ենք, իր ասածներն ամբողջությամբ ընդունելի են մեզ համար»,- հավելեց իմքայլականը:
Փաստորեն, եթե ԱԺ-ում ծափահարությունների պակաս զգացվի, կարող ենք ենթադրել, որ խորհրդարանականները պակաս վստահություն ունեն երկրի վարչապետի արտահայտած մտքերի նկատմամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։