ԱՄՆ դեսպանությունն աջակցում է Երևանում անցկացվող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին
Նշանավորելով Ձեռներեցության համաշխարհային շաբաթը՝ դեսպան Թրեյսին ուրբաթ օրը փակման խոսքով հանդես եկավ Դեսպանության հովանու ներքո Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ընթացող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին, որը եռօրյա Կարիերայի ճամբարի եզրափակիչ միջոցառումն էր։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանության մամուլի բաժինը:
ԱՄՆ առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանի կազմակերպած ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել աշխատարանների ու քննարկումների, որոնց ընթացքում արծարծվեցին ապագա աշխատատեղերի ու ապագա հմտությունների հարցերը, կենսագրական պատրաստելու և աշխատանքային հարցազրույց անցնելու նրբությունները և, իհարկե, ձեռներեցությանն առնչվող հարցերը։
«Այս վերջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի շատ վայրերում եմ եղել ու հասկացել եմ, որ Հայաստանում կա իրական հնարավորություն։ Ձեռնարկատիրական ջիղը Հայաստանում ամենուր ակնառու է՝ սկսած արհեստագործ վարպետներից, որոնց ես հանդիպեցի Բերդի մեղրի ու հատապտուղների փառատոնի ընթացքում, մինչև Սյունիքիգյուղացիական տնտեսություններ, որոնք Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի միջոցով փորձում են ընդլայնել իրենց շուկաներն ու ֆինանսական հնարավորությունները», - ասել է դեսպան Թրեյսին։
Տոնավաճառին ներկա էին շուրջ 45 գործատուներ, որոնք ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերը՝ հուսալով հենց այստեղ գտնել շնորհալի ու լավ կադրեր, որոնք կհամալրեն թափուր աշխատատեղերը, կանցնեն պրակտիկա իրենց մոտ կամ կկատարեն կամավորական աշխատանքներ։
Կարիերայի ճամբարը Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո անցկացվող առաջատար ծրագիր է նվիրված է աշխարհի բազմաթիվ քաղաքներում ս․թ․ նոյեմբերի 18-ից 24-ը նշվող Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան, որի նպատակն է ճանաչել նորարարների ներդրումները և ձեռներեցների համար կապեր ստեղծել հնարավոր գործընկերների, մենթորների և ներդրողների հետ։ Այն սկիզբ է առել 2008թ․-ից և ամեն տարի նշանավորվել է շուրջ 170 երկրում՝ հազարավոր միջոցառումներով ու միլիոնավոր մասնակիցներով և դարձել աշխարհով մեկ ձեռներեցության ոգին խթանելու կարևոր նախաձեռնություն։