Միլանում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր. Արմեն Գրիգորյան
Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Միլանում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպին, երբ վերջինս մտել էր հայկական եկեղեցի ու հարց ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Նմանատիպ պրովոկացիաները միջազգային հարթակներում պարբերաբար են լինում ՀՀ բոլոր պատվիրակությունների հետ»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը բաց է եղել, բնականաբար, հայեր էին հրավիրված, բայց այնպես չէր, որ միայն հայերը կարող էին մտնել։
«Բաց հանդիպմանը բնականաբար ստուգումներ եղել են, բայց անհատական չի ստուգվել, և այստեղ ես խորքային խնդիր չեմ տեսնում։ Միջոցառմանը մասնակից դառնալու համար, բնականաբար, որոշակի վերահսկողություն կար, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել, պարզապես բաց հանդիպում էր, դրա համար համընդհանուր ստուգումներ չեն եղել նույնիսկ անձի մակարդակով, թե ով էր մասնակցում»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ արդյոք ուսումնասիրություններ արել են, թե ով էր «բլոգեր» ներկայացած անձը, ինչ նպատակով էր այնտեղ, ԱԽ քարտուղարը նշեց, որ այդ անհատը մասնակցել է Բաքվում ցույցերի ցրմանը, աշխատել է նաև ադրբեջանական հասարակության դեմ. «Մաքսիմում հրապարակային նրա մասին ամեն ինչ պարզ է»։
Դիտարկմանը, թե շատերն այն կարծիքն են, որ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը հեռացվելուց հետո նրան արժանի փոխարինող չկա, և այս միջադեպը պայմանավորված է նաև դրանով, ԱԽ քարտուղարն ասաց, որ միջադեպն ընդհանրապես դրա հետ կապ չունի, անվտանգության ծառայություններն ունեն ինստիտուցիոնալ կարողություններ և դրանք անձերի վրա հիմնված չեն։
«Ընդհանրապես մեր հասարակությունում այդպիսի քննարկումներ շատ են եղել, որ եթե մենք փոխենք անվտանգության պատասխանատուին, ապա հնարավոր չի լինի անվտանգությունն ապահովել։ Այդ քննարկումը եղել է նույնիսկ մինչև 2018 թվականը, երբ նույնիսկ մարդիկ վարչապետի հայտ են ներկայացրել զուտ անվտանգության տեսանկյունից՝ ներկայանալով, որ նրանք են միայն անվտանգության պատասխանատուն, բայց պատմությունը ցույց տվեց, որ առանց նրանց ավելի լավ է երկրի անվտանգությունն ապահովվում»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Լրագրողի հարցին՝ տեղյակ է, թե ո՞րն է եղել Հայրապետովի հեռացման պատճառը, ԱԽ քարտուղարը նշեց, որ այն, ինչ հրապարակային ասվել է նրա հեռացման մասին, դրանից ավելի որևէ բան չի կարող ասել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին