Բանկային համակարգի աշխատակիցները լավագույնս կիրառում են համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները. Մհեր Աբրահամյան
Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանկային աշխատողի օրվա առթիվ։
«Հայաստանի բանկերի միության խորհրդի և անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ:
Այս նշանակալի տոնի առիթով ևս անհրաժեշտ եմ համարում հերթական անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետության բանկերի բոլոր աշխատակիցների գործունեության կարևորությունն ու փաստել, որ Ձեր առաքելությունն իրականացնում եք ամենայն պատասխանատվությամբ և հոգատարությամբ:
Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները:
Տոնական օրվա շրջանակներում մեկ անգամ ևս պետք է վստահաբար բարձրաձայնենք մեր երկրում նկատելիորեն կայացած և անընդհատ կատարելագործվող բանկային համակարգի առկայության մասին՝ այդ ամենի հիմքում դարձյալ գնահատանքի խոսքեր հղելով իրենց գործառույթները պատվով իրականացնող բանկային աշխատողներին:
Դարձյալ շնորհավորում եմ և ցանկանում, որ աշխատանքային հաջողություններն ու ձեռբերումները լինեն Ձեր առօրյայի անբաժան ուղեկիցները:
Մաղթում եմ ամենայն բարիք և բոլոր ծրագրերի, նպատակների ու նախաձեռնությունների իրականացնում»,- ասված է ուղերձում։