Այս քայլերը միտված են կենդանաբանական այգին փակելուն. Սիլվա Ադամյան
Երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը: Իսկ փոխտնօրենի պաշտոնը կզբաղեցնի Իրանի Իսլամական Հանրապետությունից հրավիրված կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում՝ փաստաթղթային կարգավորումներից հետո, կստանա ՀՀ քաղաքացիություն: Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ Մեմարիանը, մինչ այս, երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին: Համագործակցելով կենդանաբանական միջազգային մի շարք կառույցների հետ՝ Մեմարիանն ունի աշխատանքային մեծ փորձ:
Բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, որ Իման Մեմարիանը դառնալու է ոչ թե Կենդանաբանական այգու փոխտնօրեն, այլ՝ զբաղեցնելու է տնօրենի պաշտոնը։
«Ես էս պահին դեմ էի, որ Ռուբեն Խաչատրյանը դիմում գրեր և գնար։ Ես կանխազգում էի, և հիմա էլ տեսնում եմ, որ այս պահին ավելի վատ վիճակ է։ Կենդանաբանական այգին խնդիրներ, իհարկե, ուներ, դրանում ոչ մի խոսք։ Ճիշտ է, ոմանք ասում են, որ Իրանից հրավիրված այդ մասնագետը լավն է, բայց ես ունեմ մտավախություն, որ այդ մարդը ոչ թե որպես փոխտնօրեն, այլ որպես տնօրեն է գալու։ Ես դրանում համոզված եմ, ժամանակ կանցնի, էդ մարդը կստանա Հայաստանի քաղաքացիություն, իսկ Վլադիմիր Սիմոնյանը կդառնա փոխտնօրեն»։
Բացի այդ, Սիլվա Ադամյանը նշում է, որ ՀՀ-ում կան մասնագետներ, ովքեր կարող էին մրցութային կարգով զբաղեցնել այդ պաշտոնը. «Սա ի՞նչ բան ա։ Հարյուրավոր երիտասարդներ, որոնք ավարտել են և արտասահմանյան և տեղական բուհեր, չգիտես ինչով են զբաղված։ Իրենք մասնագիտությամբ աշխատանք չեն գտնում։ Մենք ասում ենք, որ ուզում ենք, որպեսզի մեր երկրում երիտասարդությունն առաջընթաց ապրի, որ մեր երկրի քաղաքացին իրեն լավ զգա իր երկրում, աշխատանք ունենա։ Իսկ քաղաքապետարանը ինքնակամ, առանց հանրության և հասարակության կարծիքն իմանալու, որոշում է, որ այստեղ պետք է Իրանի քաղաքացին դառնա կենդանաբանական այգու փոխտնօրեն»։
Սիլվա Ադամյանը պատրաստվում է նաև նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելու կենդանաբանական այգու խնդիրները. «Ես համոզված եմ, որ պատասխանը շահեկան չի լինելու կենդանաբանական այգու համար, բայց դա պետք է անեմ, որովհետև գտնում եմ՝ սա անթույլատրելի է։ Մենք դեռ չգիտենք՝ այդ մարդը Իրանում ինչ գործունեություն է ծավալել, կամ այնտեղ կենդանաբանական այգին ինչ վիճակում է։ Քաղաքապետարանը մասնագիտական կրթությամբ ոչ մի ավագանու անդամ չունի, բնապահպանության բաժինն էլ թափուր է, ինչի՞ հիմա վրա է էդ որոշումն ընդունվել։ Ես ասում եմ՝ դա ազգադավ վերաբերմունք է մարդկանց հանդեպ»։
Նշենք, որ Սիլվա Ադամյանը մտավախություն ունի՝ այս քայլերը միտված են կենդանաբանական այգին փակելուն. «Մեզ թարմ ուժեր են պետք, որ նոր եռանդով, նոր թիմով կարգին սկսեն աշխատել։ Ես ունեմ մտավախություն, որ այս ամենն արվում է նրա համար, որ կենդանիները վաճառվեն և կենդանաբանական այգին փակվի»:
Panorama.am-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարման դեմ բողոքի ցույցերի մասնակից, սողունաբան Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ կենդանաբանական այգու շուրջ պետք է հավաքվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ։
«Տեղյակ չեմ, թե ով է ԻԻՀ-ի ներկայացուցիչը, որևէ տեղեկություն չունեմ, թե ինչպիսի մասնագետ է նա։ Բայց Հայաստանում կան փայլուն մասնագետներ, ովքեր կարող էին ստանձնել այդ պաշտոնը։ Իմ դիրքորոշումը դա է, որ Հայաստանից ևս կարող էին մասնագետ ընտրել»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան