Գործող գյուղապետերի «մրցակիցները» ինքնաբացարկներ են հայտնել
Տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածուների ձևական առաջադրումները շարունակվում են։
Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունները կարելի կլինի անցկացնել, եթե առաջադրված են մեկից ավելի թեկնածուներ։ Սա նպատակ ունի ապահովել մրցակցային ու ժողովրդավար ընտրություններ։ Մինչդեռ երկրորդ թեկնածուներն առաջադրվում են, գրանցվում, ապա ինքնաբացարկ հայտնում։ Արդյունքում ընտրություններն անցկացվում են մեկ թեկնածուով, ինչը դժվար է մրցակցային համարել։
Դեկտեմբերի 8-ին կայանալիք համայնքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի քանի թեկնածուներ հրաժարվել են հետագա պայքարից։ Ուշագրավ է, որ ինքնաբացարկ հայտնածների միակ մրցակիցները եղել են գործող համայքնապետերը։ Հետագա պայքարից հրաժարվողները սովորաբար լինում են կամ համայնքապետարանի աշխատակիցները, կամ համայնքապետի ընտանիքի անդամները, հարազատները կամ էլ ընկերները։ Մի խոսքով, վստահելի մարդիկ, որոնք մինչև վերջ կպահեն խոստումն ու կլինեն կառավարվող։
Այսպես, Արագածոտնի Զարինջա գյուղում գործող համայնքապետի հետ առաջադրված համայնքապետարանի գանձապահ Սենիկ Ավոյանն ինքնաբացարկ է ներկայացրել։ Միակ թեկնածուն գյուղապետն է՝ Սևադա Մանուկյանը։ Նա նախկինում եղել է ՀՀԿ-ական, գյուղը ղեկավարում է 2005 թվականից։
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում էլ գյուղապետ Սլավիկ Սալոյանը միակ թեկնածուն է, նրա «մրցակից» Սաիդ Մամոյանն ինքնաբացարկ է հայտնել։
Նույն մարզի Հակո գյուղի բնակիչներն էլ ընտրության հնարավորություն չեն ունենա։ 2008-ից գյուղը ղեկավարող, ՀՀԿ-ական Սերյոժա Չարչոյանի միակ «մրացակից»-ը հրաժարվել է հետագա պայքարից։
Արմավիրի Ալաշկերտ գյուղում էլ նույն վիճակն է։ Կարեն Հովհաննիսյանը համայնքը ղեկավարն է 2008-ից։ Այսօր էլ միակ գրանցված թեկնածուն է։ Նրա հետ առաջադրվածը ՀԱԷԿ աշխատակից Լևոն Գրիգորյանն է, ինքնաբացարկ է հայտնել։
Նորապատ գյուղում էլ գործող գյուղապետն ամենայն հավանականությամբ կվերընրվի։ Վահրամ Խաչատրյանը գրանցված միակ թեկնածուն է, նրա հետ առաջադրված անկուսակցական Արմեն Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել։
Լոռու մարզի Անտառամուտ համայնքում էլ գործող գյուղապետ Արայիկ Գևորգյանն էլ միայնակ է։ Նրա հետ առաջադրված Վահան Գևորգյանն ինքնաբացարկ է հայտնել։
Քանի որ ինքնաբացարկների համար սահմանված ժամկետը դեռ չի ավարտվել, չի բացառվում, որ պայքարից հրաժարվողներ դեռ կլինեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին 12 համայնքներում նշանակված են համայնքապետի ընտրություններ, դրանցից 10-ում ընտրությունները հերթական են, 2-ում՝ արտահերթ։
Հերթական ընտրությունների մասնակիցների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկել էր նոյեմբերի 20-ին ու կավարտվի դելտեմբերի 6-ին։ Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը։
Արտահերթ ընտրություններին մասնակցելու համար առաջադրված թեկնածուների գրանցումն ավարտվել էր նոյեմբերի 19-ին: Արթահերթ ընտրությունների մասնակիցների համար նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 26-ին ու կավարտվի դեկտեմբերի 6-ին։ Թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը։