Լեռան վրա մոլորված քաղաքացիները գտնվել են
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:
ԱԻՆ հաղորդմամբ, որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի: Ժամը 06:38-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:
Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիան հայտնում է, որ կորած քաղաքացիները ողջ առողջ են, լեռան վրա են, շուտով կհասնեն նրանց: